Շամշադինում կիրակի կանցկացվի մեղրի փառատոն
Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնի կազմակերպիչներն ակնկալում են, որ միջոցառմանն այս տարի կլինի ավելի քան 2-3 հազար այցելու: Panorama.am-ի հետ զրույցում փառատոնի աջակից «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և նպահպանման» հկ նախագահ Սեդրակ Մամուլյանն ասաց, որ այս տարի փառատոնին առավել շատ մեղր ու հատապտուղներ արտադրողներ են մասնակցելու:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ Սորան կոչվող պուրակում, օգոստոսի 17-ին` ժամը 12.00-18.00-ն կանցկացվի Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոն:
«Եթե անցած տարիներին փառատոնին մասնակցում էին տարածաշրջանի մեղր ու հատապտուղ արտադրողները, հիմա այլ մեղր արտադրողներ էլ կլինեն, այսինքն` տեսականին կավելանա»,-ասաց Մամուլյանը:
Նրա խոսքով, անցած երկու տարիների փորձը ցույց է տալիս, որ մարդիկ փառատոնին լուրջ են վերաբերվում՝ ներկայացնելով մեղրի արտադրության ու մատուցման նոր եղանակներ: Մամուլյանն ընդգծում է, որ տարեցտարի փառատոնի շուրջ արձագանքն ավելանում է:
ՀԿ նախագահի խոսքով, այս տարի կավելանա նաև սննդի կետերի թիվը, որպեսզի նախորդ տարիների նման խցանումներ չլինեն:
«Մենք այնպես ենք անելու, որ մարդն այնտեղ լիակատար հանգստանա, վայելի բնության, մարդկանց ջերմությունը»,-ասաց նա:
Փառատոնի կազմակերպիչ «Տավուշի հոգևոր վերածնունդ» և «Սերունդ» հասարակական կազմակերպությունները հուսով են, որ փառատոնը խթան կհանդիսանա տարածաշրջանում նախատեսվող ծրագրերի իրականացմանը, կշեշտի նրա նշանակությունը, որպես մեղրի և հատապտուղների արտադրության կենտրոն, ինչպես նաև կնպաստի տուրիզմի, մասնավորապես համայնքային կամ գյուղական տուրիստական ենթակառուցվածքների զարգացմանը։
Մամուլյանը տվյալներ չունի, թե նախորդ տարիներին փառատոնի շրջանակում ինչքան մեղր ու հատապտուղ է վաճառվել: Հիշելով ԱՄՆ դեսպանի կնոջ մեծ քանակությամբ մեղր գնելը, ՀԿ նախագահը նկատեց, որ տիկինը, իմանալով հայոց բնության արարչական հատկությունը, ցանկանում է ունենալ ավելի առողջ ու դիմացկուն ամուսին:
«Միայն դեսպանների կանայք չէ, որ գնումներ են անում: Յուրաքանչյուր արտասահմանցի շատ լավ գիտի մեր բնամթերքի առավելությունները՝ այլ տարածաշրջաններում աճած բնամթերքների համեմատ»,-ասաց ՀԿ նախագահը:
Փառատոնի շրջանակներում անց են կացվում` Մեղրի և նրանից պատրաստվող ուտելիքների ներկայացում, հատապտուղների և նրանցից պատրաստվող ուտելիքների և ըմպելիքների ներկայացում, գորգագործության, գոբելենագործության, փայտամշակման և տարածաշրջանին բնորոշ այլ արհեստների ներկայացում, Համերգ-ներկայացումներ ազգային երգ ու պարի համույթների մասնակցությամբ, ազգային ավանդական խոհանոցի ներկայացում, այլ հետաքրքիր միջոցառումներ: Այս տարի փառատոնի մասնակիցների ու այցելուների թիվն ավելի մեծացնելու ակնկալիքով ՀՀ մշակույթի, արվեստի հայտնի գործիչները կազմակերպիչների նախաձեռնությամբ , սոցիալական ցանցերում սկսել են ակցիա, ըստ որի նրանք կոչ են անում միանալ տոնին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում