Բան Կի Մունի ուղերձը՝ երիտասարդության միջազգային օրվա առթիվ
«Միավորված ազգերի կազմակերպության նոր հրատարակություններից մեկի համաձայն՝ աշխարհի երիտասարդ բնակչության 20 տոկոսն ամեն տարի հոգեկան առողջության հետ կապված խնդիր է ունենում: Ռիսկերը հատկապես մեծ են, երբ նրանք մանկությունից չափահաս տարիքի անցման փուլում են: Խարանը և ամոթը հաճախ ավելի են խտացնում խնդիրը՝ թույլ չտալով, որ նրանք գտնեն իրենց անհրաժեշտ աջակցությունը: Երիտասարդության այս տարվա միջազգային օրը նշելիս Միավորված ազգերի կազմակերպությունը ցանկանում է օգնել այն վարագույրի հեռացմանը, որը երիտասարդներին պարփակում է մեկուսացման և լռության խոռոչում:
Խոչընդոտները կարող են չափազանց բարդ լինել՝ մասնավորապես այն երկրներում, որտեղ հոգեկան առողջության խնդիրը անտեսվում է, և հոգեկան առողջության ծառայություններում ներդրումները խիստ սահամանփակ են: Շատ հաճախ անտեսման և իռացիոնալ վախի պատճառով հոգեկան առողջության խանգարումներ ունեցող անձինք մեկուսացվում են ոչ միայն զարգացման քաղաքականությունների և ծրագրերի մշակման ու իրականացման հարցում որևէ դերակատարումից, այլև նույնիսկ հիմնական խնամքից: Սա նրանց ավելի խոցելի է դարձնում աղքատության, բռնության և սոցիալական մեկուսացման նկատմամբ և բացասական ազդեցություն է ունենում հասարակության՝ որպես ամբողջության վրա:
Այն երիտասարդները, որոնք արդեն իսկ համարվում են խոցելի, ինչպիսիք են անտուն երիտասարդները, անչափահասների արդարադատության համակարգում ընդգրկված երիտասարդները, մանկատներում գտնվող և կոնֆլիկտային իրավիճակներով անցած երիտասարդները, հաճախ ավելի ենթակա են խարանի և այլ խոչընդոտների, որոնք նրանց ավելի անպաշտպան են դարձնում հենց այն ժամանակ, երբ նրանք ամենից ավելի ունեն աջակցության կարիք: Եկեք հիշենք, որ հասկացվելու և աջակցության պայմաններում այս երիտասարդները կարող են ծաղկել՝ արժեքավոր ներդրումներ կատարելով մեր ընդհանուր ապագայի կառուցման գործում:
Ընդամենը 500 օր է մնացել մինչև Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու վերջնաժամկետը: Մենք պետք է աջակցենք բոլոր երիտասարդներին, հատկապես նրանց, ովքեր խոցելի են, որ հաջողության հասնեն այս պատմական արշավում:
Անհրաժեշտ են լայնածավալ ջանքեր բոլոր մակարդակներում՝ բարձրացնելու իրազեկվածության մակարդակը հոգեկան առողջության խանգարումներով երիտասարդներին աջակցելու և նրանց ուղղված ներդրումների կարևորության մասին: Կրթական մակարդակի բարձրացումը վճռորոշ նշանակություն ունի խարանի վերացման և առողջության մեր ընկալումն ու դրա մասին արտահայտվելու մեր կերպը փոխելու հարցում:
Հոգեկան առողջությունն այն է, թե ինչպես ենք մենք զգում. դա մեր հույզերն է ու մեր ինքնազգացողությունը: Բոլորս պետք է հոգ տանենք մեր հոգեկան առողջության մասին, որպեսզի բավարարություն պարգևող կյանքով ապրենք: Եկեք սկսենք խոսել մեր հոգեկան առողջության մասին նույնկերպ, ինչպես որ խոսում ենք մեր ընդհանուր առողջության մասին:
2014 թ. Երիտասարդության միջազգային օրը նշելով՝ եկեք երիտասարդերի համար ստեղծենք հոգեկան առողջության պայմաններ, որպեսզի նրանք գիտակցեն իրենց ողջ ներուժը, և եկեք ցույց տանք, որ հոգեկան առողջությունը կարևոր է բոլորիս համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին