Գալիս եմ Հայաստան՝ հոգեպես զինվելու համար. գերմանահայ գրող
Գերմանահայ գրող Ագապի Մկրտչյանը 1986 թվականից բնակվում և ստեղծագործում է Գերմանիայում՝ Վիսբադեն քաղաքում: նա գրում է գերմաներեն, քանի որ, ինչպես ինքն է նշում, ապրելով այդ միջավայրում՝ «ինքնըստինքյան քո զգացմունքները սկսում ես արտահայտել այդ լեզվով, սկսում ես մտածել այդ լեզվով»: Գերմանական մամուլը պարբերաբար անդրադառնում է Ա. Մկրտչյանի ստեղծագործություններին՝ արժանացնելով մեծ գնահատանքի: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են նաև հայերեն:
Երկու տարի սովորել է Երևանի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում, այնուհետև կրթությունը շարունակել է Գերմանիայում` Ենա քաղաքի Շիլլերի անվան համալսարանի գերմաներեն լեզվի և գրականության բաժնում։ Այսօր նա գերմանական դպրոցում դասավանդում է գերմաներեն:
Panorama.am-ի զրուցակիցն է Ագապի Մկրտչյանը:
-Տիկին Ագապի, ինչո՞ւ չեք գրում հայերեն: Հիմականում ի՞նչ թեմաների եք անդրադառնում Ձեր ստեղծագործություններում:
-Տարիների ընթացքում ինձ ավելի հեշտությամբ տրվում է գրել գերմաներեն: Ոչ թե հայերենը մոռացել եմ, այլ, ապրելով այդ միջավայրում, ինքնըստինքյան քո զգացմունքները սկսում ես արտահայտել այդ լեզվով, սկսում ես մտածել այդ լեզվով:
Թեմաները տարբեր են. ունեմ օտարության մեջ ապրող մարդու ճակատագրի մասին բանաստեղծություններ, Երևանում ապրող հայ մանչուկների մասին արձակ գործեր: Ունեմ մեկ պատմվածք, որտեղ նշված անունների հետևում թաքնված է Արցախը: Բացեիբաց չեմ գրել, որ այն նվիրում եմ Արցախյան պատերազմին, որպեսզի խնդիրների մեջ չընկնեի, բայց, որպես ենթավերնագիր, գրել եմ, որ նվիրում եմ իրենց ազատությունը սիրող բոլոր ժողովուրդներին:
Գերմաներեն լեզվով ունեմ տպագրած արդեն երկու գիրք: Պատրաստվում եմ հաջորդ գրքիս, որն արդեն վերադարձ է դեպի հայկական թեմաներ: Հայկական նեղ թեմաների չեմ անդրադառնում: Ոչ թե դրանք ինձ չեն հուզում, ոչ թե օտարի աչքերով եմ դրանց նայում, այլ ուղղակի հեռավորությունից այդ ամենին այլ կերպ ես վերաբերվում:
-Անդրադրձե՞լ կամ պատրաստվո՞ւմ եք անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային:
-Հայոց ցեղասպանության մասին մի բանաստեղծություն ունեմ՝ «Ինչպիսին է Թուրքիայի երկինքը»: Այն թարգմանվել է նաև հայերեն, տպագրվել է «Գրական» թերթում: Մի անգամ, երբ կարդացի իմ գերմանացի կոլեգաների համար, նրանք այն ընկալեցին, բայց չկարողացան մարսել: Շատ դաժան բանաստեղծություն է:
Շատ տարիներ առաջ Ֆրանկֆուրտից թռչում էի Լիբանան: Մի պահ լսեցի, որ այժմ թռչում ենք Թուրքիայի վրայով: Հենց այդ պահին այդ բանաստեղծությունը ծնվեց իմ մեջ:
-Ծանո՞թ եք հայկական արդի գրականությանը, ի՞նչ կարծիքի եք:
-Որոշ չափով ծանոթ եմ, կարդում եմ: Ունենք տաղանդավոր երիտասարդ գրողներ: Սակայն թույլ չեմ ինձ որևէ կարծիք հայտնել արդի հայ գրականության մասին, միայն մեկ ցանկություն ունեմ, որ ամեն մի բառ իր կշիռն ունենա, ամեն մի ստեղծագործող պահի իր անհատականությունը:
Ես Գերմանիայում, գերմանացի գրող Հայդե Ռիքի հետ, մի հրատարակչությունից պատվեր ենք ստացել թարգմանել հայ արդի ստեղծագործողների աշխատանքները: Այս այցելության ընթացքում ես նաև այդ ուղղությամբ եմ աշխատում: Ընտրությունը լինելու է շատ խիստ:
Ես և Հայդեն թարգմանել ենք նաև Պարույր Սևակի 17 բանաստեղծություն: Ցանկանում ենք 24-ի հասցնել՝ խորհրդանշական՝ կապված ապրիլի 24-ի հետ ու հրապարակել:
-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:
-Ցանկանում եմ գերմաներեն լեզվով ներկայացնել հայկական խոհանոցը: Նաև ցանկանում եմ գերմանացիներին ներկայացնել մեր մշակույթը, մեր մշակութային հուշարձանները: Երբ որ նոր էի գնացել Գերմանիա, տեսանյութեր էի տարել, պարբերաբար դրանք ներկայացնում էի գերմանացիներին: Հիմա նոր տեսանյութեր ունեմ, դրանք էլ եմ ուզում ներկայացնել: Կկազմակերպեմ դասախոսություններ, իհարկե, ոչ գիտական մակարդակով: Գերմանացիները ցանկանում են ավելի շատ տեղեկություններ իմանալ հայկական մշակույթի, պատմություն մասին:
-Տիկին Ագապի, չեք ցանկանո՞ւմ վերադառնալ Հայաստան:
-Ես մտքով, սրտով երբեք չեմ հեռացել իմ հայրենիքից: Ֆիզիկապես եմ այնտեղ՝ կապված մի շարք պարտականությունների հետ. ընտանիքիս կեսն այնտեղ է: Աշխատում եմ գոնե տարին մեկ անգամ գալ Հայաստան: Երբ որ լողում ես ջրի մեջ, կեսից դուրս ես գալիս՝ օդ շնչելու համար, որպեսզի շարունակես ճանապարհդ: Ես էլ գալիս եմ Հայաստան՝ հոգեպես զինվելու համար:
Ամեն անգամ գալով Հայաստան, Երևանը տեսնում եմ նորովի, փոխված: Մարդիկ էլ են փոխվել: Առաջին փոփոխությունը զգացել եմ տաքսու վարորդներից. ավելի հանգիստ են, երթևեկությունն ավելի կիրթ է, ազդանշաններ չկա:
Տղամարդիկ, կանայք շատ ճաշակով են հագնվում: Հպարտանում եմ, հատկապես երբ հետս մարդիկ են լինում:
Ցանկանում եմ, որ ամեն տարի այցելելով Հայաստան՝ այն ավելի բարգավաճած տեսնել, մարդկանց հոգսերն ավելի քիչ լինեն, ու ամենակարևորը՝ ոչ թե գնացողների բանակը շատանա, այլ վերադարձողների, որոնց, գուցե, մեկ օր էլ ես միանամ: