Ցանկացած պատերազմ կկործանի պաշտոնական Բաքվին և' դրսից, և' ներսից. Ա.Զաքարյան
«Ադրբեջանի այսպես կոչված պաշտպանության նախարարությունը, մեր երկրի նախագահի խոսքերից ազդված (կարծում եմ ավելի շատ վախեցած), «հերոսական» հայտարություն է տարածել, իրենք իրենց գոտեպնդելու, բնականաբար մեզ վախեցնելու, ձեռքի հետ էլ միջազգային հանրության առջև մեզ «խայտառակ անելու» նպատակով»,- Facebook-յան իր էջում գրառել է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը:
Վերջինս գրառման մեջ նաև նշել է.
«Ադրբեջանցիք իրեց ներկայիս իշխանությանը սազական մի ասացվածք ունեն. «դրսից պալատ, ներսից` հավաբուն»: Իլհամ Ալիևի պալատական- զինվորական հավաբնում փաստորեն համաշխարհային ընդունված բոլոր արժեքները թարս են ընկալում: Աշխարհի բոլոր ժողովուրդների մոտ հայրենիքի ազատության ու անկախության համար պայքարողները, սեփական հայրենիքն ու ժողովուրդը թշնամու հարձակումներից ու սպանդից պաշտպանողները կոչվում են Հերոսներ, իսկ Ադրբեջանում ` հանցագործներ: Ամբողջ աշխարհում քնած մարդուն կացնահարողը կոչվում է հանցագործ, իսկ Ադրբեջանում ազգային հերոս: Բացատրությունը մեկն է` քոչվորը չի կարող իմանալ ինչ է Հայրենիքն ու Հերոսը:
Մեր պետության ղեկավարը պարզ մատչելի ասաց, որ Հայաստանին ու Արցախին սպառնացող ցանկացած վտանգ ունենալու է համարժեք պատասխան, ընդամենը բերելով մեկ տեսակի հրթիռի օրինակ: Ադրբեջանական քարոզչամեքենան անմիջապես իր խեղճ ժողովրդին սկսեց բացատրել, որ չվախենան, որ իրենցն ավելի լավն է:
Ակնհայտորեն երևում է, որ Ադրբեջանում որոշ արկածախնդիր պալատականների հիշողությունը կարճ է: Ղարաբաղում ժամանակին սովորական նռնականետով ադրբեջանական ռազմական ինքնաթիռներ են խոցվել, ադրբեջանական տանկերի մեծ մասը առաջին մեկ երկու մարտերից հետո դարձել են հայկական և այլն: Ուրեմն ոչ մի երաշխիք չկա, որ այսօվա ադրբեջանի զինանոցը, հայկականի հետ միասին չեն վնասի հենց ադրբեջանական ռազմավարական օբյեկտներին: Հետևաբար, հերթական ռազմատենչ հայտարարություն անելու փոխարեն մինչև կոկորդն արնաթաթախ Ալիևշինան լավ կանի, որ մտածի, թե հայկական կողմերի հետ համատեղ ինչպես պետք Է գտնի երկարատև խաղաղության ճանապարհը:
Հայ ժողովուրդը, իր պատմության ընթացքում, խաղաղության և գոյության համար պաքարում իրեն պարտադրված պատերազմներ շատ է տեսել ու մնացել է կանգուն: Իսկ Ադրբեջանի գոյության միակ ճանապարհը խաղաղությունն է, որովհետև ցանկացած պատերազմ կկործանի պաշտոնական Բաքվին և' դրսից, և' ներսից»: