The Huffington Post. «ԼՂՀ-ն երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ. ժամանակն է խաղաղություն կառուցելու»
Մերձավորարևելյան տարածաշրջանի երկրներում՝ Սիրիայում, Իրաքում և Գազայի հատվածում հակամարտությունների թեժացմանը զուգահեռ վերջին շրջանում ակտիվացել է նաև հայ-ադրբեջանական հակամարտությունը: Արդեն մի քանի ամիս շարունակ ժամանակակից բռնապետերից վատթարագույնը՝ Իլհամ Ալիևը շարունակաբար գնդակոծության է ենթարկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս մասին գրում է The Huffington Post-ը:
Պարբերականը հոդվածի սկզբնամասում ընդհանուր անդրադարձ է կատարել հայ-ադրբեջանական հակամարտության 90-ականների փուլին՝ նշելով, որ հայկական կողմը կարողացավ դժվար բայց արժանապատիվ հաղթանակի հասնել Բաքվի նկատմամբ:
The Huffington Post-ը գրում է.«Ալիևյան կլանը վերջին 20 տարիներին Ադրբեջանը ղեկավարում է այնպես, կարծես այն սեփական բանկային հաշիվն է: Միևնույն ժամանակ Հայաստանի ղեկավարությունը ևս իդեալական չէ»:
Պարբերականը նշում է, որ Ալիևը դարձավ միլիարդատեր, այնինչ իր ժողովուրդը շատ սահմանափակ օգուտներ ունեցավ զարգացող նավթային առևտրից:
«Բացի այն, որ Ալիևի մոտ բացակայում են ինտելեկտուալ կարողությունները, նա շարունակում է խաբել սեփական ժողովրդին հակամարտության առաջացման պատճառների վերաբերյալ: Նա շարունակում է Հայաստանը ներկայացնել ագրեսոր, իսկ ադրբեջանցիներին՝ որպես Արցախի բնիկ ժողովուրդ, այնինչ իրականությունը ճիշտ հակառակն է»- գրում է պարբերականը:
Փաստելով, որ վերջին շրջանում սահմանային միջադեպերի արդյունքում ադրբեջանցի զինծառայողների կորուստները մի քանի անգամ ավելին են հայկական կողմի կորուստներից՝ պարբերականը նշում է, որ Ալիևը իր զինվորներին օգտագործում է որպես սովորական ճանճերի՝ վերադարձնելու համար այն տարածքները, որոնց նկատմամբ Ադրբեջանը չի կարող ունենալ օրինական պահանջ:
«Թեպետ Ադրբեջանը դեռևս ազգային բարդույթ ունի` 1994-ին կրած պարտության համար, սակայն ադրբեջանցիները չեն կարող հայերի նման ջանասիրաբար կռվել, ովքեր 20-րդ դարի սկզբին ցեղասպանություն են ապրել Օսմանյան կայսրությունում: Բաքուն համարվում է ծաղկող քաղաք և ո՞ր ծնողը կուղարկի իր որդուն հեռավոր լեռներում՝ Հայաստանին մոտ, պատերազմի և զոհվի վիճահարույց տարածքների համար»,- գրում է The Huffington Post-ը:
Պարբերականը նշում է, որ Ադրբեջանը իր ռազմական նկրտումներում հնարավորություններ չունի առավելության հասնելու, քանի որ Հայաստանի զինված ուժերը ամենամարտունակն են տարածաշրջանում, ավելին՝ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման պարագայում Հայաստանը կարող է էլի ավելի մեծ տարածքներ ազատագրել:
«Ադրբեջանցիները պետք է հասկանան, որ Ալիևը ոչ միայն արատավոր բռնապետ է, այլև նրա ներկա քաղաքականությունը կտանի այդ ռեժիմի և պետության վերացմանը»-ընդգծված է հոդվածում:
The Huffington Post-ը շեշտում է, որ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, կամ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է կրկնապատկեն իրենց ջանքերը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման իրական խաղաղության հասնելու գործում քանի դեռ ուշ չէ:
«ԼՂՀ-ն երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ: Ժամանակն է խաղաղություն կառուցելու և ժամանակն է, որ հայերը, ադրբեջանցիները, վրացիները, թուրքերը Կովկասի զարգացմանը հասնեն միասին»- եզրափակել է հոդվածագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին