Ոչ պիտանի հավի միս է մատակարարվել Նոր Նորքի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին (Տեսանյութ)
Ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ էր ստացել, որ «Ե.Է.Ռ.ԸՆԴ.ՔՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր-տնօրեն և անհատ ձեռներեց Էդվարդ Մխիթարյանը Երևանի Դուշանբեի 11/8 հասցեում կազմակերպել է հավի մսի մշակման և փաթեթավորման գործունեություն, որտեղ քացախի, կալիումի պերմանգանատի և այլ քիմիական նյութերի միջոցով մշակվում է անհայտ ծագում ունեցող, փչացած, օգտագործման համար ոչ պիտանի հավի միս:
ՀՀ Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 11-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Նոր Նորքի բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առգրավվել են «Ալավերդու թռչնաֆաբրիկա» ապրանքանիշով և արտադրության ամսաթվերի վերաբերյալ կասկածելի տվյալներով հավի մսի խմբաքանակներ:
«Արտադրամասի զննությամբ հայտնաբերվել են փչացած հավի միս, վերամշակման համար նախատեսված քիմիական տարբեր նյութեր ու դատարկ տարաներ, որոնք վերցվել են հետագա հետազոտությունների համար: Էդվարդ Մխիթարյանը և նրա գործընկեր Գոռ Արզումանյանը, առաքման համար շահագործվող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բերման են ենթարկվել ոստիկանություն: Շուրջ 10 տոննա նմանատիպ հավի միս էլ հայտնաբերվել է Փարաքարում և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ բեռնային համալիրում գտնվող` Մխիթարյանի կողմից վարձակալված պահեստարաններում:
Միջոցառումներին ներգրավվել են նաև գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության ծառայության մասնագետներ:
Փչացած հավի մսի վերականգնման, ապրանքային տեսքի բերելու մեխանիզմը նոր չէ: Նման հանցավոր գործունեություն ծավալվել ու կասեցվել է նաև այլ երկրներում: Բայց մեր դեպքում բարոյական կողմը բազմապատիկ խոցելի է. պարզվել է, որ Էդվարդ Մխիթարյանը ոչ պիտանի հավի միս է մատակարարել Նոր Նորքի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին»,-գրված է հաղորդագրության մեջ:
Հետաքննությունը շարունակվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան