«Ինձ ասացին, որ հայրս մահացել է». Դատարանում պատմում է Շանթ Հարությունյանի որդին
«Նոյեմբերի 5-ին եկել եմ Ազատության հրապարակ, իմացել եմ, որ երթ է լինելու, բայց թե որ ուղղությամբ, տեղյակ չեմ եղել: Այնուհետև լսեցի պայթյուն, խառնաշփոթ իրավիճակ էր: Տեսա, թե ինչպես են հորս ու իր ընկերներին ոստիկանները խփում, ես էլ սկսեցի իրենց խփել»,- Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով հերթական դատական նիստի ժամանակ պատմեց գործով մեղադրյալ 15-ամյա Շահեն Հարությունյանը:
Նշենք, որ այսօր ցուցմունք են տալիս գործով ամբաստանյալները:
Շահենը նաև պատմեց, որ դրանից հետո իրեն բերման են ենթարկել, նստեցրել են տաքսի, որտեղ էլ գողացել են իր ֆոտոխցիկն ու գումարը:
«Հենց մտա բաժանմունք, տեսա հորս, բայց հետո ինձ բարձրացրեցին առանձին սենյակ: Ինձ հավաստիացնում էին, որ հայրս և նրա մտերիմ ընկերները մահացել են, մի քանիսը վերակենդանացման բաժանմունք են տեղափոխվել, իսկ մի քանիսը բանտում փտելու են»,- դատարանի դահլիճում ասաց Շ. Հարությունյանը:
Այնուհետև պաշտպան Ինեսա Պետրոսյանը հարցով դիմեց Շահենին, թե ինչո՞ւ է ինքը հարվածել ոստիկաններին: Նա պատասխանեց. «Տեսա, որ խփում են հորս, ես էլ սկսեցի խփել»:
Շանթ Հարությունյանը նույնպես հարցեր ուղղեց որդուն. «Հիշո՞ւմ ես, մինչև երթի սկսվելը ինչ էի ասում քեզ»:
Շահենը պատասխանեց. «Այո, Հիշում եմ: Պայմանավորվեցինք, որ պետք է ապրենք արժանապատիվ, պետք է պայքարենք մինչև վերջ, բայց պետք է հաղթանակի հասնենք: Պայմանավորվերցինք, որ պետք է արժանապատիվ ապրել ու արժանապատիվ մեռնել»:
Նշենք, որ Շահեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով (ՀՀ Քր. Օր. 258-րդ հոդված, 4-րդ մաս): Շահեն Հարությունյանը, որն անչափահաս է, կալանավորված չէ:
Նախորդող հրապարակումներ՝
Շանթի և մյուսների գործ. «Փետով խփեցին ինձ, ոստիկանի գլխարկս թռավ»
Շանթի և մյուսների գործ. «Մայրիկ ջան, ո՞նց ես արել, որ սենց լավ տղա ես դաստիարակել»
Շանթի և մյուսների գործ. Ոստիկանը տուժող է ճանաչվել ընդամենն աչքերը մրմռալու համար
«Թքած ձեր օրենքի վրա, դուք սիրտ չունեք». Միջադեպ Շանթի գործով նիստին
Շանթ Հարությունյանը պատմեց կասկածելի ոստիկանի մասին, իսկ դատավորը զգուշացրեց սանկցիա կիրառել
Դիմադրությունը սկսվել է այն ժամանակ, երբ ոստիկանը քաշքշել է Շանթին. Փաստաբանները` նախաքննության սխալների մասին
Շանթի և մյուսների գործով դատական նիստում հնչել է Վալերի Օսիպյանի անունը