Սահմանային լարվածության մոտիվացիան Հայաստանի վրա համակարգային ճնշում գործադրելն էր. Ա.Արեշև
«Վերջին ամիսներին ամերիկյան պաշտոնյաների, մասնավորապես Ջեյմս Ուորլիքի սկանդալային հայտարարություններից հետո ականատեսն ենք եղել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ համակարգային ճնշումների գործադրման, որոնք որոշ ուժերի կողմից գուցե դիտարկվում են որպես հակամարտության ավելի թույլ կողմեր»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետազոտական կենտրոնի փորձագետ, Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևը:
«Վերջին ամիսներին մենք այդ կամպանիան տեսել ենք ` թե քարոզչական, թե պրոպագանդիստական ճնշման առումով, ընդ որում միշտ չէ, որ դա արտաքին էր, նաև Հայաստանի ներսում էլ ենք դրա ականատեսը եղել: Եվ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարություններն էլ գրեթե զգուշացնում էին պարունակում, որ իրենց համար ցանկալի չեն Հայաստանի առևտրա-տնտեսական հարաբերությունները ՌԴ հետ: Այս ամենը ոչ այլ ինչ է, քան ճնշում` ՌԴ դաշնակիցների վրա»,- նշեց նա:
Անդրադառնալով սահմանային լարվածությանը, քաղաքագետը նշեց, որ այս անգամ լարվածությունը զոհերի թվով աննախադեպ էր և բոլոր առումներով էլ բավականին լուրջ էր: Եվ նրանց մոտիվացիները, ովքեր դա ծրագրել էին ու նաև իրագործեցին, ըստ Արշևի, կարող են տարբեր լինել:
«Մեկը գուցե փորձեց շոշափել իրավիճակը ռազմական գործողություններով` հասկանալու, թե ինչ կստացվի և հաջողության դեպքում գուցե ավելին անելու ակնկալիքով: Մյուսը գուցե ձգտում էր հասնել ինչ-որ պրոպագանդիստական արդյունքի»,- թվարկեց Արեշևը` մատնանշելով, որ Քարվաճառում բացահայտված առաջին դիվերսիոն խմբի մոտ ադրբեջանական դրոշ էր հայտնաբերվել:
Հավելեց նաև, որ ինչ-որ ուժերի մոտ էլ մոտիվացիան կարող է Հայաստանի վրա համակարգային ճնշում գործադրելն էր` այս ճանապարհով ցուցադրելու հայկական իշխանություններին, որ որոշակի փոփոխության պետք է ենթարկվի արտաքին քաղաքական կուրսը:
«Այդուհանդերձ դա չաշխատեց, որովհետև հստակ երևաց, որ հայկական կողմը պատրաստ էր նման գործողությունների, ինչն ապացուցում է թե կողմերի կորուստների վիճակագրությունն ու հարաբերակցությունը, թե այն, թե որ կողմն էր իրականությունը ներկայացնում և ոչ թե ապատեղեկատվություն տարածելով զբաղված»,- նշեց քաղաքագետը:
Ա.Արեշևը մատնանշեց նաև այն հանգամանքին, թե ինչպես իրավիճակը օգտագործվեց նաև քաղաքական նպատակներով և ինչպես ոմանք շտապեցին պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա. «Ավելի մեծ աբսուրդ դժվար է պատկերացնել, այն էլ` ուկրաինական ճգնաժամի պարագայում: Այդուհանդերձ` Ռուսաստանը զերծ չմնաց որոշ ջանքեր գործադրելու, որպեսզի թեկուզ ժամանակավոր, բայց հաշտեցնի հակամարտող կողմերին: Բայց Ռուսաստանը միակ խաղացողը չէ Հարավային Կովկասում և միակ համանախագահողը չէ ԵԱՀԿ Մինսկի խմբում և ըստ այդմ, միանձնյա խնդիրը կարգավորելու քարտ-բլանշ չունի: Եվ այս իմաստով պարբերաբար շրջանառվող լուրերը, թե Ռուսաստանը միայն մտածում է խաղաղապահ ուժեր տեղակայել Ղարաբաղյան հակամարտության գոտում ուղղակի աբսուրդային են: Թեև Ռուսաստանն անշուշտ հետաքրքրված է, որպեսզի շփման գծում արյուն չթափվի և սրացում չլինի, քանի որ ցանկացած նման միջադեպ ու երևույթ բացասաբար է անդրադառնում նաև ՌԴ վրա»:
Քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ նախագահների հանդիպումը, որը որոշակիորեն լարվածությունը մեղամցրեց, իր ազդեցությունը կունենա առաջիկայում ևս` պահպանելով այդ մեղմացումը:
Նա հույս հայտնեց, որ հետագայում Ռուսաստանը փոքր-ինչ ավելի ինքնուրույն կլինի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված մոտեցումներում.«Կովկասը հանդիսանում է պոտենցիալ անկայունության մի գոտի տարածաշրջանում, որը ունակ է խոչընդոտող հանգամանք դառնալ, օրինակ, ռուս-իրանական համագործակցության խորացման առումով: Ես կարծում եմ` և ՌԴ-ն, և Իրանը, ինչպես նաև այն բոլոր ուժերը, որոնք շահագրգռված են, որպեսզի Կովկասը երկարատև կրակի օղակ չդառնա, կանեն ամենը, որպեսզի կարողանան Ղարաբաղյան հակամարտության գոտում գոնե պահպանել այն ռազմա-քաղաքական ու ռազմա-տեխնիկական բալանսը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները