Երեխաները փչացած հավի միսը չեն կերել. Վստահեցնում են մանկապարտեզներից
Նոր Նորքի թիվ 101, 116, 118 մանկապարտեզի տնօրեններն ու նրանց փոխարինողները վստահեցնում են, որ մանկապարտեզներ մատակարարված փչացած հավի միսը երեխաները չեն կերել, դրանք անգամ փաթեթավորումից դուրս չեն բերվել:
Թիվ 118 մանկապարտեզի տնօրեն Արմինե Սարգսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ միսն ստանալուն պես ահազանգել է վարչական շրջանի կրթության բաժին:
«Տեղ հասնելուն պես ահազանգել եմ թաղապետարան, բայց մինչև մեր ահազանգը, ոստիկանությունը նրանց բռնել է: Ինձ համար անհասկանալի էր փաթեթավորումը, ես ոչ մի անգամ նման տոպրակներ տեսած չկայի: Միայն տոպրակներն էին կասկածելի, միսը չենք հանել, ես չեմ փորձել, ահազանգել եմ, որպեսզի իրենք էլ տեսնեին, ասեին՝ արժե՞ դա ընդունել, թե՞ ոչ»,-ասաց մանկապարտեզի տնօրենը:
Նրա խոսքով, արկղերն առանց բացվելու իրավապահները տարել են:
Ստացած հավերը կասկածելի չեն թվացել մյուս երկու մանկապարտեզների տնօրենների փոխարինողներին: Տնօրեններն այժմ արձակուրդում են:
Թիվ 101 մանկապարտեզի տնօրենի փոխարինող Լուսինե Սարգսյանն ասաց, որ միսը ստացել են երկուշաբթի, նայել են ժամկետները՝ ճիշտ են եղել, պահեստավորել են, սակայն քիչ անց մանկապարտեզ եկած իրավապահները տարել են ողջ խմբաքանակը:
«Չէինք էլ կարող կասկածել, որ դրանք անորակ հավեր էին, ժամկետի մեջ էին, հոտ չի եղել: Մենք չենք էլ բացել դրանք, որովհետև այդ օրվա մենյուի մեջ հավի մսով ապուր չի եղել: Հանգիստ եղեք, երեխաների հետ ոչ մի խնդիր չկա»,-ասաց նա:
Լ. Սարգսյանի խոսքով, իրենք առաջին անգամ էին Ալավերդու թռչնաֆաբրիկայի հավի միս ստանում, մինչ այդ նրանց մատակարարվել է «Արաքս» թռչնաֆաբրիկայի մսամթերք: Սա նրանց մոտ հարցեր չի առաջացրել:
Թիվ 118 մանկապարտեզի տնօրենին փոխարինող Արմինե Սարգսյանն ասաց, որ ստացած հավը չեն էլ հասցրել պահեստ տանեն, անմիջապես եկել են հետևից:
«Կասկածելի ոչ մի բան չենք նկատելի, ժամկետները տեղն էին ու նորմալ վիճակում էին»,-ասաց Ա. Սարգսյանը:
ԳՆ Սննդամթերքի պետական ծառայությունից Panorama.am-ին խոստացան դեպքի վերաբերյալ մեկնաբանություն անել ավելի ուշ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Նոր Նորքի բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առգրավվել են «Ալավերդու թռչնաֆաբրիկա» ապրանքանիշով և արտադրության ամսաթվերի վերաբերյալ կասկածելի տվյալներով հավի մսի խմբաքանակներ: Պարզվել է, որ Էդվարդ Մխիթարյանը ոչ պիտանի հավի միս է մատակարարել Նոր Նորքի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում