Էդվարդ Մխիթարյան անունով անհատ ձեռնարկատեր ՍԱՊԾ-ում գրանցված չէ. Սուքիասյան
Նոր Նորքի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին փչացած հավի միս մատակարարած Էդվարդ Մխիթարյան անունով անհատ ձեռնարկատեր ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում գրանցված չէ: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ծառայության մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը:
«Փաստի առթիվ հարուցվել է վարչական վարույթ»,-հավելեց նա:
Մամուլի քարտուղարի խոսքով, իրենք ստուգումներ են սկսել, ձեռք բերված և իրացված հավի մսից կատարել են նմուշառում` փորձաքննության ենթարկելու համար: Փորձաքնության արդյունքները ծառայությունը կհրապարակի ավելի ուշ` դրանց պարզ լինելուն պես:
Ինչ վերաբերում է մանկապարտեզներին սնունդ մատակարարելուն, ապա, ծառայության մամուլի քարտուղարն ասաց, որ մատակարարների մրցույթին մասնակցող ընկերություններին պահանջներ ներկայացնում է քաղաքապետարանը, վերահսկողությունը ևս դրված է քաղաքապետարանի վրա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Նոր Նորքի բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առգրավվել են «Ալավերդու թռչնաֆաբրիկա» ապրանքանիշով և արտադրության ամսաթվերի վերաբերյալ կասկածելի տվյալներով հավի մսի խմբաքանակներ: Պարզվել է, որ Էդվարդ Մխիթարյանը ոչ պիտանի հավի միս է մատակարարել Նոր Նորքի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին:
Նախորդող`
Քաղաքապետարանի պարզաբանումը՝ մայրաքաղաքի 3 մանկապարտեզներին անորակ թռչնամսի մատակարարման վերաբերյալ
Երեխաները փչացած հավի միսը չեն կերել. Վստահեցնում են մանկապարտեզներից