Վ.Եվսեև. Ռուսաստանը պետք է շատ ակտիվ օգնի Լեռնային Ղարաբաղին
«Վերջին իրադարձությունները լուրջ դինամիկա բերեցին ղարաբաղյան հակամարտության մեջ: Սակայն շատ կարևոր է ուշադրություն դարձնել ոչ միայն նրան, թե ինչ է կատարվում Ղարաբաղում, այլ դրանից դուրս», -լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:
Հիմնական արտաքին գործոններից, որ իրենց ազդեցությունն են ունենում Ղարաբաղի վրա, նա մատնանշեց ուկրաինական իրադարձությունները և նշեց, որ շատ նմանություններ է տեսնում 90-ականների Ղարաբաղյան և այն իրադարձությունների միջև, որ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում:
«Վերջին սրացումները Ղարաբաղում միանշանակ ձեռնտու էին Արևմուտքին, որպեսզի թուլացնի Ռուսաստանին` ուկրաինական զարգացումների ֆոնին: Եթե դա այդպես է, ապա ստացվում է, որ Արևմուտքը անբարոյական խաղ է տանում և ուղղակի պետք չէ սև կատու փնտրել մութ սենյակում»,- նշեց Եվսեևը:
Քաղաքագետը նշեց, որ ակնհայտ է մեկ բան`ԱՄՆ-ն մի շարք ֆրոնտերով ֆիասկո է ապրում: Եվ ԱՄՆ-ն իրականում չի կարող որևէ լուրջ բան առաջարկել, որպեսզի Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի:
«Ստատուս քվոի պահպանումը կարևոր է, բայց ես ինքս կարծում եմ, որ Ռուսատանը ավելի պետք է ներկայանալի ու ակտիվ լինի Ղարաբաղում: Հաշվի առնելով, որ Ղարաբաղում տնտեսության աճ է արձանագրվել, ապա շատ ոլորտներում կարելի է համագործակցության եզրեր գտնել և Ռուսաստանը պետք է շատ ակտիվ օգնի այս հանրապետությանը»,- նշեց նա ու հավելեց, որ եթե ինչ-որ մեկը կասկածում է, որ Ռուսաստանը չի պաշտպանի իր դաշնակիցներին, անգամ ուկրաինական իրադարձություններին զուգահեռ, ուղղակի տեսողության խնդիրներ ունի:
«Հակամարտության կողմերը տարբեր զինատեսակներ ունեն նկատեց նա,- և Ադրբեջանը թերևս ավելի հարուստ է այս իմաստով, քան ԼՂՀ-ն, այնպես որ` ճիշտ կլիներ, որ քննարկվեր ոչ միայն դիպուկահարների հեռացումը շփման գծից, այլև սահմանից հեռացվեն հեռահար զինատեսակները»
«Այս ամենը կնպաստի հակամարտության լարվածության մեղմանը, քանի որ հակառակ պարագայում երաշխավորված չենք նման իրավիճակների կրկնումից»,- հավելեց ռուս քաղաքագետը: