Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը ՎՏԲ-ին վարկանիշներ է շնորհել
Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհել է հետևյալ վարկանիշները` տեղական արժութով երկարաժամկետ ավանդների համար` Ba1 վարկանիշ, արտարժույթով երկարաժամկետ ավանդների համար` Ba3 վարկանիշ, կարճաժամկետ ավանդների համար Not Prime վարկանիշ, ինչպես նաև բանկի ֆինանսական կայունության («ԲՖԿՎ») «D-» վարկանիշ: Բանկի տեղական արժութով երկարաժամկետ ավանդների համար կախատեսումը «Նեգատիվ» է, արտարժույթով երկարաժամկետ ավանդների և բանկի ֆինանսական կայունության վարկանիշի կախատեսումը «Կայուն»: Այս մասին հայտնում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:
ՎՏԲ-Հայաստան Բանկին Moody’s վարկանիշային գործակալության կողմից շնորհված Ba1 տեղական արժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշը հիմնված է ՎՏԲ Բանկ ԲԲԸ մայր բանկի կողմից աջակցման բարձր հավանակության գնահատականի վրա:
Արդյունքում` ՎՏԲ-Հայաստան Բանկի ավանդային վարկանիշները վարկունակության հիմնական գնահատական Ba3 վարկանիշից բարձրացել են երկու կետով:
ՎՏԲ-Հայաստան Բանկը ԲՖԿՎ «D-» վարկանիշին արժանացել է որպես կայուն շահութաբերություն և միջինից բարձր արդյունավետության ցուցանիշներ ունեցող խոշորագույն բանկերից մեկը Հայաստանում: Գործակալությունը նշում է, որ «D-» բանկային ֆինանսական կայունության վարկանիշն ապահովվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի խորը ինտեգրմամբ ՎՏԲ խումբ, Հայաստանի կորպորատիվ ու մանրածախ ոլորտներում կայուն դիրքերով, կապիտալի համարժեքության բարձր ցուցանիշով, արդյունավետությամբ ու շահութաբերությամբ:
ՎՏԲ–Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևն ասել է. «ՎՏԲ-Հայաստան Բանկին միջազգային վարկանիշի շնորհումը մեզ համար շատ կարևոր իրադարձություն է: Ուզում եմ նշել, որ բանկի վարկանիշները սահմանափակված են Հայաստանի «երկրի առաստաղի» վարկանիշով, որը տվյալ պահին հաստատված է Ba3/NP մակարդակում, և վերջինիս բարձրացման դեպքում կարող են վերանայվել»:
ՎՏԲ Բանկ ԲԲԸ դուստր ընկերությունների դեպարտամենտի ղեկավար, ավագ փոխնախագահ Միխայիլ Յակունին նշել է. «ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է ունիվերսալ ծառայություններ, մասնաճյուղային ցանցի շնորհիվ շուկան հասանելի է, և բանկը ակտիվ է Հայաստանի համար տնտեսապես կարևոր ճյուղերում: Վստահ եմ, որ Moody’s-ի վարկանիշը կնպաստի Հայաստանում ու արտասահմանում մեր հին ու նոր գործընկերների հետ հարաբերությունների զարգացմանը»: