Հայաստանում 540 ՄՎտ հզորության գազային էլեկտրակայան կկառուցվի
Հայաստանի տարածքում 540 ՄՎտ հզորության գազային էլեկտրակայան կկառուցվի «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ կողմից, որը շուրջ 600 մլն ԱՄՆ դոլար ներդրում կպահանջի: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նախարարի խոսքով` հիշյալ կազմակերպությունը իր պատրաստակամությունն է հայտնել ամբողջությամբ ֆինանսավորել էլեկտրակայանի կառուցումը և ակնկալում է կառավարության աջակցությունը մի շարք հարցերում:
«Խոսքը գազի երաշխավորված ծավալների մատակարարմանն ու անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման մասին է, ինչպես նաև կայանների կառուցման նպատակով համապատասխան հողատարածքների հատկացման հարցում աջակցության, հարկային արտոնությունների, բարձրավոլտ էլեկտրական գծերից օգտվելու նախապատվության, էլեկտրաէներգիայի անարգել արտահանման իրավունքի և այլնի մասին է»,- ներկայացրեց Ե.Զախարյանը:
Նա տեղեկացրեց, որ ժամանակակից գազատուրբիններով աշխատող էլեկտրակայանները բավականին արդյունավետ են, այնպես որ «Ջեներալ Էլեկտրիկ» ընկերության արտադրության գազատուրբիններով աշխատող 540 ՄՎտ հզորությամբ գազային էլեկտրակայանի կառուցումը կնպաստի մեր երկրի էներգետիկ համակարգի անվտանգությանն ու կենսունակության ապահովմանը, ինչպես նաև արտադրական հզորությունների զարգացմանն ու էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների աճին:
«Գազաէլկետարակայանի կառուցումն ամբողջ կառավարության խնդիրն է, արտադրված հոսանքը արտահանելու ենք»,- հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` կարևորելով ծրագիրը: