Անհատ ձեռնարկատիրոջն արգելվել է «Լոռի» պանրի, թթվասերի և մածունի արտադրությունը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի օգոստոսի 14-ի որոշումով արգելվել է Ա/Ձ «Արմեն Սուքիասյանի» պանրի արտադրամասի կողմից արտադրված «Լոռի» պանիր, թթվասեր և մածուն արտադրատեսակների արտադրությունը: Այս մասին հայտնում են գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:
Ա/Ձ Արմեն Սուքիասյանի պանրի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ Ա/Ձ «Արմեն Սուքիասյանի» պանրի արտադրամասի կողմից արտադրված «Լոռի» պանիր, թթվասեր և մածուն արտադրատեսակների նմուշները, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշմամբսահմանված պահանջներին:
Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնելու տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:
Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչև 2014 թվականի օգոստոսի 29-ը: