«Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթում Հայաստանն այս պահի դրությամբ զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը
Ռուսաստանի Դաշնությունում` մերձմոսկովյան «Ալաբինո» ուսումնական զորավարժարանում այս օրերին ընթացող «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցումները մոտենում են ավարտին: Մասնակից պետությունների` Ռուսաստանի, Անգոլայի, Բելառուսի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Քուվեյթի, Մոնղոլիայի, Սերբիայի տանկային 36 անձնակազմերի շարքում ՀՀ ԶՈւ տանկային անձնակազմերը շարունակում են բարձր ցուցանիշներ արձանագրել` ևս մեկ անգամ անգամ ապացուցելով հայկական զինված ուժերի մարտական և մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակի մասին: Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը:
««Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթում ներառված են ամենատարբեր բարդ ու անկանխատեսելի փորձություններ` ցամաքային և ջրային արգելքների հաղթահարում, հրաձգություն շարժման ընթացքում և կանգնած դիրքից, հետապնդում, էստաֆետ, առանձին մարզական փուլ և այլն: Մրցաշարի` առաջին օրերին անցկացված անհատական մրցումներից հետո նախորդ մի քանի օրերին 12 երկրների տանկիստների միջև թեժ պայքար է ընթացել նաև սպրինտում ու հետապնդման մրցույթում:
Առաջին օրերի արդյունքներով արդեն ձևավորվել է առաջատարների խումբը, սակայն մրցումների հաղթողին որոշելը դեռ վաղ է: Ընդհանուր թիմային հաշվարկում, որը ձևավորվում է տվյալ երկրի երեք անձնակազմերի՝ բոլոր մրցույթներում վաստակած միավորների հանրագումարով, Հայաստանն այս պահի դրությամբ զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։ Առաջին տեղում Ռուսաստանն է, երկրորդում՝ Ղազախստանը, երրորդում՝ Չինաստանը: Իհարկե, այս արդյունքները վերջնական չեն, ամեն ինչ դեռ կարող է փոխվել:
Տանկային բիաթլոնում առավել բարձր և կայուն ցուցանիշներ են գրանցում նախկին խորհրդային պետություններից ժամանած մասնակիցները՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի թիմերը, ինչը, թերևս, կարելի է բացատրել ուսումնական ծրագրերի և օգտագործվող տեխնիկայի նմանությամբ: Առաջին հնգյակին հետևում են համապատասխանաբար Հնդկաստանը, Ղրղզստանը, Վենեսուելան, Մոնղոլիան ու Անգոլան: Մրցաշարային աղյուսակը եզրափակում են Քուվեյթի տանկիստները: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ հայկական զինված ուժերը ներկայացում են երկու սպա և պարտադիր ժամկետային զինծառայողներ` այն դեպքում, երբ մասնակից մյուս պետությունների թիմերում գերակշռում են պայմանագրային զինծառայողները, ինչպես նաև բիաթլոնի նախորդ մրցույթներին մասնակցած անձնակազմերը:
«Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցումների շրջանակում դեռևս առջևում են անձնակազմերի սպորտային վարժություններն ու 4 լավագույն տանկային անձնակազմերի միջև պաքարը։ Մասնակից պետությունները շարունակում են հանդես գալ ուժերի առավելագույն լարումով, անել առավելագույնը հաղթանակի հասնելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան