Օբամա. Իսլամիստների կողմից Սինջար լեռան պաշարումը ճեղքվել է (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իսլամիստների կողմից Իրաքի Սինջար լեռան պաշարումը ճեղքվել է և ԱՄՆ զինվորական անձնակազմի մեծ մասը, ովքեր Իրաքի էին ուղարկվել իրավիճակը գնահատելու համար, մոտ օրերս դուրս կգան երկրից: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Օբաման հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ կարիք չի լինի լեռան վրա ծայրահեղականներից թաքնվող հազարավոր եզդիներին տարհանել կամ էլ շարունակել օդից մարդասիրական օգնության տրամադրումը:
«Մենք ճեղքել ենք «Իսլամական պետության» կողմից Սինջար լեռան պաշարումը: Մենք օգնել ենք խաղաղ բնակչությանը դուրս գալ անվտանգ վայր և փրկել ենք բազմաթիվ անմեղ կյանքեր: Այդ ջանքերի շնորհիվ մենք ենթադրում ենք, որ լեռան վրայից փախստականների տարհանման լրացուցիչ գործողությունների և հումանիտար օգնությունը շարունակելու կարիք չի լինի»,-ասել է Օբաման` ավելացնելով, որ զինվորականների մեծ մասը, ովքեր Իրաք էին ուղարկվել իրավիճակը գնահատելու համար, արաբական երկրից կհեռանան մոտ օրերս:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն 130 զինվորական խորհրդական էր ուղարկել Էրբիլ` տեղում իրավիճակը գնահատելու համար, քանի որ հնարավոր էր պահանջվեր եզդիների համար հումանիտար միջանցքներ ստեղծել կամ օդով տարհանել նրանց: