Իտալիայի ԱԳՆ. Ղարաբաղյան հարցում Հռոմը հավատարիմ է իր ավանդական դիրքորոշմանը
Իտալիայի ԱԳՆ-ն հայտարարությամբ փաստացի հրաժարվում է Իտալիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության ադրբեջանական կողմի հրապարակած տեքստից: Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն է հրապարակել, որտեղ մասնավորապես ասված է. «Հուլիսի 14-ին, Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի Հռոմ այցելության կապակցությամբ, Իտալիան և Ադրբեջանը պայմանավորվել էին ընդունել Համատեղ հայտարարություն՝ նպատակ ունենալով ավելի ամրապնդել երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում և համագործակցության նոր հորիզոններ բացահայտել, ներառյալ քաղաքացիական հասարակության ընդգրկման միջոցով:
Նման բազմաբնույթ համագործակցության մեջ ներառվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի, որի անդամ է Իտալիան և անվերապահ կիսում ու աջակցում է սկզբունքներին, համանախագահների հովանու ներքո ընթացող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանձնառությունը:
Իտալական կողմը՝ համահունչ իր ավանդական դիրքորոշմանը և ներդաշնակ Եվրոպական Միության դիրքրորոշման հետ, անհրաժեշտ է համարում վերահաստատել, այդ թվում՝ Համատեղ հայտարարության համատեքստում, որ Հռոմի և Բաքվի փոխադարձ հանձնառությունը պետք է կենտրոնանա հակամարտության խաղաղ կարգավորման վրա՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի Եզրափակիչ ակտի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի վրա:
Իտալիան, նկատի ունենալով վերջին զարգացումները, խորապես մտահոգված է այն միջադեպերով, որ վերջերս տեղի են ունեցել տարածաշրջանում և, սերտ համագործակցությամբ ԵՄ գործընկերների հետ, խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, ինչպես նաև օգտվել նախագահ Ալիևի և նախագահ Սարգսյանի օգոստոսի 10-ին Սոչիում հանդիպման հնարավորությունից հակամարտությանը քաղաքական լուծում գտնելու նպատակով»:
Նշենք, որ հուլիսի 13-15-ը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել էր Իտալիա: Այցի արդյունքներով տեղեկատվություն եղավ մի շարք փաստաթղթերի ստորագրմկան մասին: Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածվել նաև Ադրբեջանի նախագահի և Իտալիայի վարչապետի համատեղ հայտարարություն ընդունելու մասին: Այս կապակցությամբ որևէ պաշտոնական տեղեկատվություն չէր եղել, մինչդեռ Իտալիայում Ադրբեջանի դեսպանատունը կայքում տեղադրել էր համատեղ հայատարարության նախագծի տեքստը: Փաստաթղթի նախագծում ադրբեջանական կողմը ներկայացրել էր ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ձևակերպումներ, որոնք միակողմանի էին և հակասում էին Իտալիայի կառավարության մինչ այժմ եղած հրապարակային հայտարարություններին:
Իտալիայի ԱԳՆ այսօր հրապարակած հայտարարությունը վկայում է, որ Ադրբեջանի կառավարության ներկայացրած տեքստը պաշտոնական Հռոմը, ըստ էության, մերժում է: