ԱՄՆ-ում Հայաստանի հյուպատոսի որդու օրիգինալ հարսանիքը՝ Սաղմոսավանքում. «Հրապարակ»
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, պարզվում է, չի կարողանում լիարժեք հրաժեշտ տալ հայրենիքին ու ինտեգրվել ամերիկյան իրականությանը: «Հրապարակ»-ի տեղեկություններով, նա բավական ժամանակ է՝ Հայաստանում է: Եվ բուռն կյանքով է ապրում՝ մասնակցում է հարսանիքների, ծննդյան տոնակատարությունների: Թերթին տեղեկացրել են, որ նա «Դոլմամա» ռեստորանային համալիրի սեփականատեր Ժիրայրի որդու հարսանիքին է մասնակցել:
Մեկ այլ աղբյուր էլ պնդում է, որ նրան տեսել են ԱՄՆ-ում Հայաստանի հյուպատոսի որդու հարսանիքին: Հարսանիքն աչքի է ընկել իր օրիգինալությամբ, պսակադրությունը տեղի է ունեցել Սաղմոսավանքում, որից հետո հարսանքավորներն իջել են վանքի ներքևի հարթավայրում վերջերս կառուցված մի շինություն, որտեղ հարսանեկան քեֆն է նախատեսված եղել: Ի դեպ, խոսակցություններ կան, որ այդ տարածքը հենց հյուպատոսին է պատկանում ու կառուցվել է հենց որդու հարսանիքի նպատակով:… Նորապսակները Սաղմոսավանքից մինչև խնջույքի վայր իջել են ոչ թե շքեղ լիմուզինով կամ որևէ ռետրո մեքենայով, այլ ավանակներով լծված սայլով, որի հետևից մետաղյա տարաներով շղթա է կապված եղել՝ զնգզնգոցով նորապսակների գալուստն ազդարարող: Հարսանեկան արարողությանը ներկա է եղել Րաֆֆի Հովհաննիսյանը՝ տիկնոջ հետ, նաև այլ բարձրաստիճան դեմքեր: Հրավիրված են եղել մի շարք հայտնի երգիչներ ու պարային համույթներ, այդ թվում «Ակունք» համույթը:
Էլեկտրաէներգիան խնջույքի թեժ պահին, երբ քեֆները լավ-լավ է եղել, անջատվել է՝ հոսանքալարերը չեն դիմացել ծանրաբեռնվածությանը: Անմիջապես մի մեծ տրանսֆորմատոր են բերել՝ որպես հոսանքի այլընտրանքային աղբյուր, սակայն մի կարճ ժամանակ աշխատելուց հետո՝ գիշերվա ժամը 3-ի կողմերը, սա էլ է «հրաժարվել» հոսանք մատակարարելուց, ու հարսանքավորներն ստիպված են եղել ավարտել խնջույքը»,-գրել է թերթը