Ս. Օհանյան. Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի զսպենք հակառակորդի ոտնձգությունները
«Այնպես, ինչպես գործեցին մեր տանկիստները «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցումների ժամանակ, կարող ենք միայն ու միայն հպարտանանք մեր զինվորներով, հրամանատարներով: Մենք սպասում էինք, որովհետև մեր զինվորների պատրաստությունը շատ բարձր մակարդակի վրա էր»,- նախօրեին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տանկիստների դիմավորման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք, որ «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցումների եզրափակիչ փուլի արդյունքներով հայ տանկիստները, արձանագրելով բարձր ցուցանիշներ, գրավել են երկրորդ տեղը` զիջելով Ռուսաստանի հավաքականին: 3-րդ և 4-րդ տեղերը զբաղեցրել են Չինաստանի ու Ղազախստանի տանկային անձնակազմերը: «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցումներին մասնակցել են 12 պետությունների` Հայաստանի, Ռուսաստանի, Անգոլայի, Բելառուսի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Քուվեյթի, Մոնղոլիայի, Սերբիայի տանկային 36 անձնակազմերը:
Նախարարը նշել է, որ մշտապես ասել է ու կրկնում է, որ քանակությունը կապ չունի պատրաստության հետ. «Կարելի է շատ մեծ քանակությամբ զրահատեխնիկա ունենալ, բայց նրանք պատրաստ չլինեն մարտական գործողությունների: Կարելի է քիչ ունենալ, բայց հմուտ, հոգատար ձեռքերում նրանց պատրաստել երկրի պաշտպանությանը»:
Ս. Օհանյանը նաև ասել է, որ սահմաններում իրավիճակը հանգիստ է:
«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի սահմաններում հանգիստ լինի, զսպենք հակառակորդի ոտնձգությունները»,- նշել է նախարարը:
Նախորդող հրապարակումներ`
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է հայ տանկիստներին
«Տանկային բիաթլոն-2014»-ի մեր մասնակիցներին դիմավորելու համար ՊՆ-ն տրամադրել է ավտոբուսներ