ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը՝ մարդասիրության համաշխարհային օրվա առթիվ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ուղերձ է հղել մարդասիրության համաշխարհային օրվա կապակցությամբ:
«Մարդասիրության համաշխարհային օրը մենք վերստանձնում ենք փրկարար օգնություն ցուցաբերելու մեր հանձնառությունը և հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվել են այս ազնիվ գործին ծառայելիս:
Անցյալ տարի մարդասիրական ոլորտի ավելի շատ աշխատակիցներ են առևանգվել, լրջորեն վիրավորվել կամ սպանվել, քան նախկինում երբևէ: Սա սահմռկեցուցիչ է և որևէ արդարացում չունի:
Վերջին շաբաթներին մարդասիրական առաքելության տասնյակ աշխատողներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի ընտանիքի անդամներ, կորցրել են իրենց կյանքը Հարավային Սուդանում և Գազայում: Չափազանց մեծ թվով մարդիկ են զոհվել կամ տուժել կազմակերպված հարձակումներից:
Այս հանցագործություններն ամենածանր հարվածն են հասցնում մարդասիրական ոլորտի աշխատակիցներին և նրանց ընտանիքներին: Սակայն դրանք անդրադառնում են նաև միլիոնավոր այլ մարդկանց վրա: Հարձակումները մարդասիրական առաքելության աշխատակցների վրա թույլ չեն տալիս, որ ծայրահեղ կարիքի մեջ գտնվող մարդիկ ստանան փրկարար օգնություն:
Երեխաները չեն պատվաստվում: Հիվանդ ու վիրավոր մարդիկ չեն բուժվում: Իրենց տները հարկադրաբար լքած մարդիկ մնում են առանց սննդի, ջրի ու կացարանի՝ ենթակա բռնության, հիվանդության կամ այլ վտանգների:
Մարդասիրության համաշխարհային օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում մարդասիրական առաքելությունների հերոսական աշխատակիցներին, որոնք խիզախորեն առաջ են մղվում՝ օգնելու կարիքի մեջ գտնվող մարդկանց:
Մենք հիշում ենք նրանց զոհողությունները և ճանաչում ենք միլիոնավոր մարդկանց, որոնց գոյատևման ապավենը մարդասիրական առաքելության աշխատակիցներն են:
Եկեք հարգանքի տուրք մատուցենք ընկածներին՝ պաշտպանելով նրանց, ովքեր իրենց գործն են անում, և աջակցելով ամբողջ աշխարհում մարդասիրական օգնության գործողություններին»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները