Տարեսկզբից մինչ այսօր 133 անօթևաններ տեղափոխվել են կացարան
Տարեսկզբից մինչ օրս կիսակառույցներում, կանգառասրահներում, շենքերի մուտքերում, այգիներում, աղբարկղներին հարակից հատվածներում գիշերող մարդկանցից կացարան են տեղափոխվել 133 անօթևաններ, որոնցից կացարանում ներկայում փաստացի բնակվում են 100-ը, այդ թվում 86-ը Երևան քաղաքից: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
2011 թվականի դեկտեմբերի 23-ից մինչ այսօր սոցիալ-հոգեբանական աշխատանքի արդյունքում հարազատների մոտ են տեղափոխվել 41 անօթևաններ, 66-ը տեղավորվել են աշխատանքի և վերադարձել ինքնուրույն կյանքի, 17-ը տեղափոխվել են մասնագիտացված տուն-ինտերնատներ, հոգեկան շեղումներ ունեցող, ինչպես նաև թմրանյութերից և խմիչքից կախվածություն ունեցող 11 անօթևաններ բուժման նպատակով տեղափոխվել են մասնագիտացված հաստատություններ, 10-ը ամուսնացել են և հեռանալով կացարանից, անցել ինքնուրույն կյանքի։
Ռուսաստանի դաշնության 4 քաղաքացի տեղափոխվել են հայրենիք, հետախուզման մեջ գտնվող 2 անօթևան կալանավորվել է, ևս 18-ին անձնագրեր են տրվել: Անօթևանններին ժամանակավոր կացարանում տեղավորման, սոցիալական տարաբնույթ աջակցությունների մատուցման աշխատանքները Երևանի քաղաքապետարանի սոցիալական առաջնահերթություններից են և գտնվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության ներքո:
Շարունակվող աշխատանքների արդյունքում Ս. Շահումյանի արձանի ետնամասում գտնվող այգու տարածքից ս/թ օգոստոսի 13-ին ևս չորս անօթևաններ են տեղափոխվել Վարդաշենի «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի շենքում տեղակայված անօթևանների կացարան, իսկ մեկը, որն ունեցել է առողջական լուրջ խնդիրներ՝ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ համապատասխան բուժում ստանալուց հետո կտեղափոխվի ժամանակավոր կացարան։