Կոտայքի մարզպետի տեղակալին աշխատանքից ազատել են առանց տեղյակ պահելու. «Ժողովուրդ»
Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել է Կոտայքի մարզպետի տեղակալ Ալբերտ Ղազարյանը: Բնականաբար, փոխմարզպետին փոխելու առաջարկն արել է ՀՀ բնապահպանության նախկին նախարար, Կոտայքի ներկայիս մարզպետ Արամ Հարությունյանը:
«Ժողովուրդ»-ը զրուցել է Ա. Ղազարյանի հետ՝ պարզելու, թե որն է աշխատանքից ազատման պատճառը: Պարզվել է՝ Ղազար֊յանն իր ազատման մասին լուրը անակնկալ է իմացել:
«Ես սովորականի նման առավոտյան գնացի աշխատանքի ու ասեցին, թե ազատված ես: Դե, բոլորն էլ հերթով գնում են: Մի տասը օր առաջ մեկ այլ աշխատակցի ազատեց: Հետո ազատեց օգնականին, խորհրդականին, վարչության պետին: Աստիճանաբար փոխում է բոլորին»,-հիասթափված նկարագրել է Ղազարյանը:
Նախկին փոխմարզպետից թերթը հետաքրքրվել է նեղացած է Արամ Հարությունյանի այդ քայլից, ինչին ի պատասխան Ղազարյանն ասել է. «Գիտեք, այդպես չեն անում: Կան բաներ, որ անտեսել պետք չէ: Տարիներ շարունակ արել-դրել ես և հիմա... Այլ տարբերակներ էլ կան, որ կարելի էր կիրառել: Մարդուն պետք է ժամանակ և հնարավորություն տալ»: