ԼՂՀ պաշտպանության նախարար. Մեզնից լավ խաղաղապահ չի կարող լինել այս տարածաշրջանում
Վերջին փորձությունները ցույց են տվել, որ մեր բանակն ի վիճակի է իր առջև դրված խնդիրը լուծել: Այս մասին նախօրեին կայացած ասուլիսում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը` խոսելով հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածության մասին: Այս մասին հայտնում է karabakh-open.info կայքը:
Ըստ նրա, առաջնագծում ստեղծված իրավիճակն առանձնահատուկ էր. հակառակորդը 16 դիվերսիոն հետախուզական խմբի փորձ է իրականացրել, որոնք հիմնականում անհաջողության են մատնվել:
«Բոլոր դեպքերում էլ մեր առաջապահ զորքերը մարտ վարելով հակառակորդին պարտադրել են հետ նահանջել: Մենք նմանատիպ հակազդող գործողություններ իրականացրել ենք յոթ անգամ, որից հինգը բավականին հաջողված է եղել: Դրանք են պարտադրել հակառակորդին հետ կանգնել նման գործողություններից»,- ասել է նա:
Մովսես Հակոբյանը նշել է, որ հակառակորդը դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր է իրականացրել մի քանի ուղղությամբ և օրեր շարունակ. մեկ շաբաթվա ընթացքում 7 դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման փորձ է եղել, իսկ օգոստոսի 1-2-ը՝ 5-րդ ՊՇ դիրքերից մեկի վրա հակառակորդը բացահայտ հարձակում է իրականացրել՝ 40-50 հոգով: Հակառակորդն ընդհանուր առմամբ 36 զոհ է տվել:
«Ցավոք, մենք ունեցել ենք վեց կորուստ՝ երեք սպա և երեք զինվոր: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ դժվարին պահին մեր հրամանատարները զինվորների կողքին են»,- ասել է նա:
ՊԲ հրամանատարը վստահեցրել է, որ պաշտպանության բանակը համարժեք պատասխան է տվել հակառակորդին:
Պատասխանելով շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայման հավանականության մասին հարցին, Մ. Հակոբյանն ասել է. «Ամենալավ խաղաղապահը մեր պաշտպանության բանակի զորքն է»:
Ըստ նրա, խաղաղապահ ուժերի տեղակայման կարիք չկա. «Մեզնից լավ խաղաղապահ չի կարող լինել այս տարածաշրջանում»: