Քաթարի արքայադստեր նիկաբը քաշած բելգիացի պաշտոնյան ձերբակալվել է
Բելգիացի պաշտոնյա Ժան Մարի Պիրը ձերբակալվել է այն բանից հետո, երբ քաշել է Քաթարի արքայադստեր նիկաբը (մուսուլմանական գլխաշոր, որը փակում է դեմքը ): Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը` հղում անելով The Daily Mail-ին:
«Ես քաշել են նրա նիկաբը: Գիտեմ, որ չպետք է դա անեի, բայց նրա գործողությունն անօրինական էր»,- հայտարարել է Պիրը:
Բելգիացի պաշտոնյայի և արքայադստեր, ում անունը չի հրապարակվում, միջև միջադեպը տեղի է ունեցել այսօր Բրյուսելի կենտրոնում: Պիրին մոտեցել են երեք աղջիկ: Նրանցից մեկը խնդրել է ցույց տալ Գրան-Պլաս հրապարակի ճանապարհը: Տղամարդն, ակնարկելով, որ Բելգիայում օրենք է գործում, որով արգելվում է ամբողջությամբ փակել դեմքը, ասել է կանանց, որ չի պատրաստվում նրանց հետ խոսել մինչև չտեսնի նրանց դեմքերը: Արքայադուստրն անտեսել է արված դիտողությունը, ինչից հետո տղամարդը քաշել է նրա նիկաբը: Աղջիկը դիմել է դատախազություն: Նրա հայտարարության մեջ ընդգծվում է, որ ոչ թե իր գլխաշորն է տղամարդը քաշել, այլ իր ականջօղերը, որոնք էլ վնասել են իր դեմքը:
Բողոքն ընդունվել է, միաժամանակ արքայադուստրը տուգանվել է 140 եվրո հասարակական վայրում նիկաբ կրելու համար:
Ժան Մարի Պիրը ղեկավարում է Բրյուսելի արարողակարգի ծառայությունը: Նրա աշխատանքը ենթադրում է հաճախակի շփում արտասահմանցի հյուրերի, մասնավորապես մուսուլմանական երկրների ներկայացուցիչների հետ:
Բելգիայում 2011 թ. հուլիսից արգելվում է հասարակական վայրերում դեմքը փակել: Օրենքը խախտողները տուգանվում են 140 եվրոյի չափով կամ 7 օր զրկվում են ազատությունից: Բացառություն են կազմում կրոնական տոները կամ մշակութային իրադարձությունները. այդ ընթացքում նիկաբ կրելը չի արգելվում: Եվրամիությունում առաջին երկիրը, որը նման արգելք է սահմանել, Ֆրանսիան է եղել: