Տիգրան Մանսուրյանը` Դավոսի փառատոնում
Տասնամյակներ շարունակ հայ երաժշտության զարգացման և հանրայնացման գործում մեծ ավանդ ունեցող ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը օգոստոսի 1-14-ն անցկացրել է Շվեյցարիայի Դավոս քաղաքում ` որպես Դավոս միջազգային երաժշտական փառատոնի «Composer in Residence» (սա այն պատվավոր հեղինակն է, ում ստեղծագործությունների շուրջ են ծրագրվում փառատոնի համերգները): Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի կոմպոզիտորների միության պաշտոնական կայքից:
Խոսելով փառատոնի կազմակերպման ու դրան հայ երաժիշտների մասնակցության մասին` Տիգրան Մանսուրյանն ասել է. «Կարևոր եմ համարում նշել, որ մինչև Դավոս քաղաքի միջազգային փառատոնին իմ մասնակցությունը, այդ փառատոնին իբրև դաշնակահար և կոմպոզիտոր Հայաստանից մասնակցել է երիտասարդ տաղանդավոր կոմպոզիտոր, տեսաբան և դաշնակահար Արթուր Ավանեսովը»:
Շվեցարիայի Դավոս քաղաքում և նրա հարակից մի շարք բնակավայրերում հնչել են Տիգրան Մանսուրյանի մեծ թվով գործեր: Դրանց կատարմանը մասնակցել են այսօր արդեն միջազգային անուններ դարձած «Meta 4» լարային քառյակը Ֆինլանդիայից, «Cavatine» քառյակը ֆրանսիայից, «Schumann» քառյակը Գերմանիայից, «Trio Rafale» եռյակը Շվեյցարիայից: Շվեյցարական երգչախմբի կատարմամբ հնչել է (ի դեպ, հայերեն բնագրով) չարենցյան «Արվեստ քերթության» խմբերգերի շարքը` ղեկավարությամբ արդի խմբերգային արվեստի նշանակալի դեմքերից մեկի` Անդրեաս Ֆելբերի:
Այս գործը, թե՛ երգչախմբի ցանկությամբ և թե՛ ունկնդիրների պահանջով, համերգային ծրագրից դուրս ևս երկու համերգներում է հնչել:
«Ես երջանիկ էի, որ փառատոնում այնքան հրաշալի հնչեց չարենցյան հայերենը՝ մեր լեզվին չտիրապետող երգչախմբի կողմից: Համերգին ներկա մասնագետներից լսեցի, որ չարենցյան այդ շարքի կատարումը փառատոնի բարձրակետը կարելի է համարել: Շնորհակալ եմ երգչախմբին և նրա ղեկավար Անդրեաս Ֆելբերին և հուսով եմ, որ մեր ստեղծագործական համագործակցությունն իր շարունակությունը կունենա»,-ասել է Տ. Մանսուրյանը:
Փառատոնի մասնակից կատարողներից մեծանուն ջութակահար Իլյա Գրինգոլցին, ով հնչեցրել է Մանսուրյանի Ջութակի առաջին կոնցերտը: Փառատոնին կատարված Մանսուրյանի ծավալուն երկերից է եղել նաև «Agnus Dei» և «Con anima» կամերային գործերը, ինչպես նաև ալտի և հարվածային նվագարանների համար գրված մի շարք ավելի փոքր ծավալի ստեղծագործություններ:
Ինչպես վկայում է շվեյցարական մամուլը, յոթանասունհինգամյա հայ կոմպոզիտորը դարձել է երիտասարդ կատարողների և ունկնդիրների սիրելին, եղել է եվրոպական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում` զրույցներ վարելով թե՛ իր երաժշտության, թե՛ հայ երաժշտական արվեստի մասին՝ առհասարակ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան