«Մենակ Վարդենիսի 911-ից են գալիս, հույս տալիս, գնում»
Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում մոտակա ժայռից բացված մեծ քարերն ու բեկորները սողանքի ակտիվացման վտանգը գնալով մեծացնում են: Իսկ սողանքավտանգ տարածքին մոտ տների բնակիչների դիմումներն ու բողոքները այդպես էլ մնում են անարձագանք:
«Աստված չանի 3-4 բալ երկրաշարժ լինի, այդտեղ ոչ ոք ողջ չի մնա: Վիճակն ահավոր է, վտանգը մեծանում է»,-Panorama.am- ի հետ զրույցում ասաց գյուղի բնակչուհի Մարգարիտա Հակոբյանը:
Նա շեշտեց, որ 2013 թվականից առ այսօր, իրենք բազմիցս դիմել են թե մարզպետարան, թե կառավարություն, բայց դեռ ոչ մի ուշադրություն և օգնություն:
«Անընդհատ այսօր կգանք, վաղը կգանք պատասխանն ենք ստանում: Խեղճ բնակչությունն ի՞նչ անի: Մարզպետարանից ասում են երեք պարկ ցեմենտ է հարկավոր աշխատանքների համար: Երեկ պարկ ցեմենտով հնարավո՞ր է այդ ահռելի ժայռի դեմն առնել»,-վրդովված ասաց գյուղի բնակչուհին:
Նա նաև ավելացրեց, որ հիմա էլ սահմանային լարված իրավիճակի հետ կապված ասում են, որ զբաղված ենք, չեն գալիս ու իրավիճակը հաշվի չեն առնում, որ սողանքավտանգ տարածքը մեծանում է:
«Անընդհատ մի պատճառաբանություն գտնում են, խեղճ գյուղապետն ինչ անի, հնարավորություն չկա, մենակ Վարդենիսի 911-ից են գալիս, հույս տալիս, գնում: Այսքան ժամանակ որ ոչ ոք չի օգնել, հույս էլ չունենք, որ կօգնեն»,-ասաց տիկին Մարգարիտան: