Որոտան ՀԷԿ-ի վաճառքը հետագայում կբերի էլեկտրաէներգիայի գնի բարձրացման. Վազգեն Սաֆարյան
«Ես ընդհանրապես դեմ եմ «Որոտանի ՀԷԿ-երի համալիրի» վաճառքին, դա պետք է լինի պետական սեփականություն, քանի որ ՀԷԿ-երը ամենաէժան էլեկտրաէներգիան են արտադրում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նրա խոսքերով` սխալ է ամեն ինչ վաճառելը. «Այն, ինչ արդյունավետ աշխատում է, վաճառել պետք չի, տվյալ պարագայում տնտեսագիտորեն սխալ է Որոտանի վաճառքը, առավել ևս դա կբերի էլելտրաէներգիայի գնի հետագա բարձրացմանը: Դրա համար ոչ թե պետք է վաճառել, այլ պետք է Երևան ՋԵԿ-ի երկրորդ էնգաբլոկը կառուցել»:
ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն ասաց, որ որևէ մեկը չի վիճարկում բարեխիղճ գնորդ լինելու հանգամանքը, բայց վիճարկում են ՀԷԿ-ի վաճառքի գինը. «Որոտանն ունիկալ է, և Խորհրդային միության ժամանակ Սիսիանից մինչև Գորիս բնական ամենամեծ խորությունն ու թեքությունն ուներ: Այսինքն` այդ ունիկալ կառույցի գնագոյացումը պետք է հասկանալ: Մենք անպայման պետք է վիճարկենք նաև ՀԷԿ-ը վաճառելու նպատակահարմարության խնդիրը»:
Հարցին, թե արդյոք վաճառքն օրինական է, պատգամավորը նշեց, որ նախ հարց է առաջանում, թե որքան է ճիշտ վաճառել ջրային ռեսուրսը. «Սա սեփականաշնորհում չի, սա օտարում է, իսկ օտարման մասին օրենսդրություն մենք չունենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները