Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհում իրավիճակը գնահատվում է ծանր. վտանգ կա, որ սողանքը կշարունակվի
ՀՀ կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն անդրադառնալով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի փլուզմանը, նշեց, որ բնական աղետ է տեղի ունեցել՝ քարաթափում և սողանք, ինչի արդյունքում ճանապարհը փակվել է:
«Մենք կապի մեջ ենք մեր վրաց գործընկերների հետ, իրավիճակը գնահատվում է ծանր, քանի որ վտանգ կա, որ սողանքը կշարունակվի, սակայն լուրջ ծավալով շարունակվում են: Առաջարկել ենք մեր օժանդակությունը, սակայն վրաց գործընկերները ասել են, որ դրա անհրաժեշտությունը չկա», - ասաց Ա.Առաքելյանը:
Նա նշեց, որ տուժածների մասին նախարարությունը առայժմ ոչ մի տեղեկություն չունի, իսկ ճանապարհի շինաշխատանքների մասին պարբերաբար տեղեկատվություն կհրապարակեն:
Հարցին, թե Լարսում հինգ տասնյակից ավելի մեքենաներ են մնացել` ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել հայկական կողմը, Արթուր Առաքելյանն ասաց. «Ըստ անհրաժեշտության` ամեն ինչ կկազմակերպվի: Առայժմ մեր միջամտության անհրաժեշտությունը չկա, մեր վրաց գործընկերները տեղում են, իրավիճակը վերահսկում են, մենք պարբերաբար կապի մեջ ենք, եթե դրա անհրաժեշտություն լինի, որպեսզի միջամտենք, ապա վստահեցնում եմ` մենք անմիջապես կմիջամտենք»:
Նա մեկ անգամ ևս ասաց, որ իրականում իրավիճակը ծանր է: Շուտով կստանան նախնական գնահատականներ, թե երբ հնարավոր կլինի վերացնել հետևանքները:
Հարցին, թե ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում Վերին Լարսի ճանապարհի փլուզումները կանխելու համար, Արթուր Առաքելյանը պատասխանեց, որ այն գտնվում է այլ պետության տարածքում, իսկ հայկական կողմը կարող է միայն իր աջակցությունն առաջարկել և համաձայնություն ստանալուց հետո միայն աշխատանքներ իրականացնել. «Հաշվի առնելով այն, որ այն Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի, մշտապես պատրաստ ենք մեր օգնությունն առաջարկել»:
Ըստ Ա.Առաքելյանի` վրացի գործընկերները մշակել են նշված ճանապարհի արդիականացման եռամյա ծրագիր, ինչը Հայաստանին գոհացնում է:
«Այսօր վարչապետերի հանդիպման ընթացքում ևս ՀՀ վարչապետը կբարձրացնի ճանապարհի հետ կապված հարցերը»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները