Անահիտ Բախշյան. Հետևու՞մ եք արդյոք զբաղվածության կենտրոնների գործունեության արդյունավետությանը
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակ է հղել սոցապ նախարարությանը:
«Հայաստանում 2014 թվականից արդեն վերացավ գործազրկության 18000 դրամ նպաստը, բայց մի քանի անգամ բարձրացավ բարձր պաշտոնյաների աշխատավարձը:
Գործազուրկները զրկվեցին նույնիսկ այդ չնչին պետական օժանդակությունից, նրանց վիճակը հասկանալու համար բոլորովին երևակայություն պետք չէ ունենալ: Սոցապ նախարարության ենթակայությամբ գործում են այսպես կոչված աշխատանքի զբաղվածության կենտրոններ, որոնցից շատ դժգոհ է հասարակությունը:
Այդ կենտրոնները տիրապետում են թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությանը, որը պետք է ծառայեցվի իր նպատակին:
Նամակով ինձ են դիմել Մասիսի բնակիչներն այն մասին, որ իրենց զբաղվածության կենտրոնը բոլորովին չի ծառայում այս նպատակին և կոռուպցիոն երևույթներ են նկատել:
Հարգելի պարոն Նախարար, խնդրում եմ ստուգել այս տեղեկությունն ու ձեռնարկել լրջագույն միջոցներ այդ կենտրոնների արդյունավետ գործունեությունն ապահովելու ու կոռուպցիոն երևույթները բացառելու համար»,-ասված է նամակում: