Օմբուդսմենի գրասենյակում զինծառայողների հարցերով զբաղվելու է ծառայությունից խուսափած անձը. «Հրապարակ»
Երեկ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գրասենյակից տեղեկություն ստացանք, որ զինծառայողների իրավունքների հարցերով օմբուդսմենի տեղակալ է նշանակվել Արմեն Գրիգորյանը:
«Ինչով է այս նշանակումն ուշագրավ՝ զինծառայողների հարցերով զբաղվելու է զինվորական ծառայությունից խուսափած անձը, ով գիտական գործունեությամբ զբաղվելու պատրվակով բանակ չի գնացել, հիմա էլ, փաստորեն, որոշել է ոչ թե գիտական գործունեությամբ զբաղվել, այլ զինծառայողների իրավունքները պաշտպանել:
Ինչպես տեղեկանում ենք օմբուդսմենի նորանշանակ տեղակալի կենսագրությունից, նա իրավապաշտպանի գործունեությամբ էլ կարգին չի զբաղվել, 2013-ից Անդրեասյանի խորհրդական է աշխատել, ապա՝ արագ արձագանքման խմբի ղեկավար: Իսկ 2014-ին թեկնածուական դիսերտացիա է պաշտպանել: Մինչ այդ՝ 2011-2012 թվականներին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մոտ մեկ տարի դատավորի օգնական է աշխատել: Բացի նրա նշանակման լուրից, «Հրապարակ»-ը հայտնաբերել է նրա մասնակցությամբ մի միջադեպ: «Քրեյզի» գիշերային ակումբում ծեծկռտուք էր տեղի ունեցել նրա և ակումբի աշխատակիցների մեջ, որից հետո նա փորձել էր հեռանալ` առանց հաշիվ փակելու, ինչն ավելի էր թեժացրել սկանդալը, միջադեպին ստիպված միջամտել էին իրավապահները»,-գրել է «Հրապարակ»-ը: