ՀՀ կառավարությունը 100 հազար դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Իրաքի եզդիներին
ՀՀ կառավարությունն Իրաքում տեղի ունեցած գործողությունների հետևանքով տեղահանված ու տուժած եզդիներին կտրամադրի 100 հազար դոլարի մարդասիրական օգնություն:
Ինչպես Կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ նախագահը հանձնարարել է ավելի վաղ նախատեսված 50 հազար դոլարի օգնությունը կրկնապատկել:
«Հայաստանի իշխանությունները այս դժվարին պահին բարեկամ եզդի ժողովրդին սատարելու համար քայլեր է իրականացնում երկու ուղղությամբ»,- ասաց Շ.Քոչարյանը:
Մասնավորապես, ըստ նրա, ՀՀ Նախագահի կողմից հանձնարարականներ են տրվել արտգործնախարարությանը և դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին՝ միջազգային ասպարեզում խնդրին պատշաճ մակարդակով հետամուտ լինելու իրենց ջանքերը կրկնապատկելու համար:
Երկրորդ ուղղությունը վերաբերում է մարդասիրական օգնությանը, թե ինչպես պետք է այն հասցնել եզդիներին:
«Մարդասիրական օգնությունը տրամադրվելու է ՄԱԿ-ի կառույցների միջոցով, քանի որ Իրաքում ստեղծված իրավիճակը հնարավորություն չի տալիս օգնությունն անձամբ փոխանցելու»,- ասաց Շ.Քոչարյանը: