ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը` Եգիպտոսի վթարի մասին
«ՀՀ քաղաքացիներ ու հայեր լինել-չլինելու մասին առայժմ տեղեկություններ չունենք»: Այս մասին Panorama.am-ին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, ումից հետաքրքրվել էինք, թե կան արդյո՞ք տուժած Հայաստանի քաղաքացիներ Եգիպտոսում տեղի ունեցած վթարից:
Հիշեցնենք, որ Եգիպտոսում՝ Շարմ էլ Շեյխից 50 կմ հեռավորության վրա մայրուղում բախվել են երկու ավտոբուս: Ինչպես փոխանցում են ռուսական լրատվամիջոցները, զոհվել է 33 մարդ, ծանր վնասվածքներ է ստացել 41 մարդ: Դեպքի վայր է ժամանել ավելի քան 50 շտապ օգնության մեքենա:
Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ տուժածների թվում կան Ուկրաինայի, Սաուդյան Արաբիայի, Յեմենի, Եգիպտոսի քաղաքացիներ: Ըստ տեղեկությունների, ավտոբուսները տուրիստական չեն եղել: Նշվում է, հարվածն այնքան ուժգինէ եղել, որ ավտոբուսներից մեկը շրջվել է: Ողջ գիշեր փրկարարները ավտոբուսների մնացորդների տակից դուրս են բերել զոհերին:
Ըստ նախնական վարկածի, ավտոբուսներից մեկի վարորդը քնել է ղեկին: