ՀՀ տարածքում 540 ՄՎտ հզորության գազային էլեկտրակայան կկառուցվի
Այսօր, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում ՀՀ կառավարության և «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ի միջև ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության տարածքում 540 ՄՎտ հզորության գազային էլեկտրակայանի (2x270ՄՎտ) կառուցման և շահագործման վերաբերյալ» համաձայնագրի հիմնադրույթները: Այս մասին հայտնում է էներգետիկային և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը:
Նախագծի իրականացման նպատակով «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ –ն կներդնի շուրջ 600 մլն ԱՄՆ դոլար: Կայանում տեղադրվելու են «Ջեներալ Էլեկտրիկ» ընկերության արտադրության գազատուրբիններ:
ՀՀ կառավարությունը կաջակցի մի շարք հարցերում, ինչպիսիք են՝ գազի երաշխավորված ծավալների մատակարարումը, անհրաժեշտ թույլտվությունների տրամադրումը, էլեկտրակայանի և հարակից ենթակառուցվածքների կառուցման նպատակով համապատասխան հողատարածքների հատկացման հարցում աջակցություն, գործող օրենսդրության շրջանակներում՝ իր ներդրումների երաշխավորված պաշտպանվածությունը, հարկազատումը և կոմունալ միացումները, այդ թվում բարձրավոլտ էլեկտրական գծերից դրանց թողունակության շրջանակներում օգտվելու և էլեկտրաէներգիայի արտահանման ոչ խտրական իրավունքների տրամադրումը:
Գազային էլեկտրակայանի կառուցումը կնպաստի Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության բարձրացմանը և կենսունակության ապահովմանը, արտադրական հզորությունների զարգացմանը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների աճին: