Դեպի Ռուսաստան արտահանման ծավալները կկրկնապատկվեն. գյուղնախարարն է վստահեցնում
«Ցրտահարության հետևանքով թեև ծիրանի բերքի կորուստ ունեցանք, սակայն շուկայում բավականաչափ ծիրան կար»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` հավելելով, որ այս տարի 12 հազար տոննա ծիրան է եղել, որից մոտ 1200-ը արտահանվել է:
Ըստ նրա` այսօր նույնիսկ շուկայում կարելի է ծիրան գնել, քանի որ մարդիկ դեռ սառնարաններում պահած ծիրան ունեն:
Ինչ վերաբերում է ծիրանի գնին, նախարարն ընդունում է, որ այն բավականին բարձր էր, սակայն դա բնական է համարում. «Շուկան ինքն է թելադրում»:
Ս.Կարապետյանը նշեց նաև, որ այս տարի խաղողի և պտղի մեծ բերք կա: Հատկապես դեղձի առատ բերք է սպասվում:
«Այսօրվա դրությամբ արտահանել ենք 780 տոննա դեղձ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 300 տոննայով ավելի է: Իմ կանխատեսումներով՝ մինչև տարեվերջ կարտահանենք երեք հազար տոննայից ավելի դեղձ»,- նշեց գյուղատնտեսության նախարարը:
Ս.Կարապետյանն անդրադարձավ նաև Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ կիրառված պատժամիջոցներին: Ըստ նրա` այն Հայաստանի համար նպաստավոր պայմաններ է ստեղծել, այսինքն` հնարավորություն կա մեծացնել գյուղմթերքների արտահանումը Ռուսաստան:
Նրա խոսքերով` Ռուսաստանի շուկան մեզ համար նորություն չէ:
«Ավանդաբար մեր արտահանումների 70-75 տոկոսն իրացվել է Ռուսաստանի շուկայում: Սակայն այսօր, երբ մի շարք երկրների նկատմամբ Ռուսաստանի կառավարության կողմից կիրառվում են գյուղմթերքի ներմուծման արգելքներ, մենք պետք է կարողանանք ռուսաստանյան շուկայում առաջացած այդ բացը մեր հնարավորությունների սահմաններում լրացնել և կարճ ժամկետներում ավելացնել արտահանման ծավալները, ինչի հնարավորությունը մենք լիարժեք ունենք: Ընդ որում, դա վերաբերում է թե թարմ պտուղ-բանջարեղենի, թե վերամշակված տեսքով գյուղմթերքի, գինու և կոնյակի արտահանմանը», -նշեց Ս.Կարապետյանը:
Նա նաև հավելեց, որ հատկապես ՄՄ և ԵՏՄ մեր անդամագրումից հետո արտահանման համար ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվելու:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները