Եթե Վերին Լարսի անցակետը երկար ժամանակ չգործի, գյուղատնտեսությունը մեծ կորուստներ կունենա. Գյուղնախարար
Հայաստանի համար Վերին Լարսի անցակետը շատ կարևոր նշանակություն ունի և, եթե այն երկար ժամանակ չգործի, ապա գյուղատնտեսությունը մեծ կորուստներ կունենա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` հավելելով, որ մայիսին նշված տարածքում տեղի ունեցած փլուզումից հետո երկար ժամանակ ճանապարհը փակ էր, ինչի արդյունքում գյուղատնտեսության ոլորտը բավականին կորուստներ ունեցավ:
Խոսքը վերաբերում է հատկապես արտահանվող գյուղմթերքներին, որոնք ավելի շուտ են փչանում:
Այդուհանդերձ նախարարը հույս հայտնեց, որ Վրաստանը կկարողանա հնարավորինս արագ բացել Վերին Լարսի անցակետը:
«Երեկ Վրաստանի վարչապետը խոստացել է, որ Լարսի ճանապարհահատվածը կբացվի 10 օրվա ընթացքում: Հույս ունեմ, որ այդպես էլ կլինի և մենք մեծ կորուստներ չենք ունենա»,- ասաց նա:
Ս.Կարապետյանը միաժամանակ նշեց, որ Վերին Լարսի անցակետի փակ լինելը չի խանգարի դեպի Ռուսաստան գյուղարտադրանքի արտահանմանը:
Ըստ նրա` այս պահին մթերող ու արտահանող մի շարք կազմակերպություններ շարունակում են մթերման աշխատանքը: Նրանք համապատասխան սառնարաններ ունեն, որտեղ պահում են մթերված արտադրանքը, և երբ անցակետը կբացվի, միանգամից կսկսեն արտահանման գործընթացը: