Չնայած բնական աղետների պատճառած վնասներին, գյուղոլորտում առկա են դրական տեղաշարժեր. Սերգո Կարապետյան
Չնայած բնական աղետների պատճառած վնասներին, գյուղատնտեսության ոլորտում այս տարի առկա են դրական տեղաշարժեր: Այսօր ամփոփելով 2014թ-ի հունվար-հուլիս ամիսներին ոլորտում գրանցված արդյունքները` ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունը հիմնականում նպատակաուղղվել է առկա ռեսուրսային ներուժի օգտագործման մակարդակի բարձրացմանը, ոլորտի տնտեսվարողների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ոլորտում օգտագործվող կարևորագույն նյութական ռեսուրսների և վարկերի մատչելիության բարձրացումը, իրացման հիմնախնդրի մեղմմանը և այլ առաջնահերթ խնդիրների լուծմանը»,- նշեց նախարարը:
Ս.Կարապետյանի խոսքերով` այս տարվա հունվար-հուլիս ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 316.1 մլրդ դրամ, ինչը 3.2%-ով գերազանցում է նախորդ տարվա մակարդակը, իսկ հունվար-մայիսին աճի տեմպը կազմել է 5.4%:
Ըստ նրա` համախառն արտադրանքի աճի տեմպի նվազումը հիմնականում պայմանավորված է աննախադեպ ցրտահարությամբ, որի հետևանքով ընթացիկ տարվա հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատածի համեմատ ծիրանի արտադրությունը կտրուկ կրճատվել է: Մնացած մշակաբույսերի համար գրանցվել է արտադրության ծավալների էական աճ:
Տարվա կարևոր ձեռքբերումներից Ս.Կարապետյանը համարում է վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացումը: Պաշտոնական տվյալների համաձայն` ցանքատարածությունները կազմել են 332.7 հազ. հա` գերազանցելով նախորդ տարվա մակարդակը շուրջ 14.6 հազ. հա-ով:
Նշվեց նաև, որ «ՀՀ 2010-2014 թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման» ծրագրի շրջանակներում այս տարվա բերքի համար 2013թ-ին աշնանացանի ցանքեր իրականացնելու համար ՌԴ-ից ներկրվել է աշնանացան ցորենի 440 տոննա էլիտային վերարտադրության սերմացու, ինչպես նաև ծրագրի պայմաններով շահառուներից հետ է վերադարձվել և գնվել 3809 տոննա առարին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացու: Բացի այդ, ՌԴ-ից ներկրվել է 1906.3 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության, 168.35 տոննա` առվույտի, 169.96 տոննա` կորնգանի և 23.44 տոննա` եգիպտացորենի սերմացու: Իսկ տեղական սերմարտադրողներից գնվել է 150 տոննա գարնանացան գարում էլտային վերարտադրության սերմացու: Ծրագրի իրականացմանն ուղղվել է 1 մլրդ 218 մլն դրամ:
Ս.Կարապետյանի խոսքերով` գյուղատնտեսության ոլորտում խնդիրները բազմաթիվ են, ոլորտը ռիսկային է, սակայն իրենց ջանքներն ուղղված են գյուղոլորտի զարգացմանը:
«Հատկապես ներդրումների առումով ռիսկերը մեծ են, սակայն այսօր ամբողջ աշխարհում պարենային ապրանքների պահանջարկը գնալով մեծանում է, ուստի մենք պետք է ավելացնենք գյուղմթերքների արտադրության ծավալները, իսկ դրա համար անհրաժեշտ են լուրջ ներդումներ»,- ասաց Ս.Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները