«Freedom House»-ը դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին` լրագրողի վրա հարձակման հերթական դեպքի համար
«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել ադրբեջանցի լրագրող Իլգար Նասիբովի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կատարած բռնությունները դատապարտող հայտարարությամբ: Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից:
«Լրագրող Իլգար Նասիբովի նկատմամբ սարսափելի ֆիզիկական հարձակումը Ադրբեջանում մարդու իրավունքների օր օրի և կտրուկ վատթարացող իրավիճակին հասցվող վերջին հարվածներից է: Թվում է, թե Ադրբեջանի կառավարությունը վճռական է մարդու իրավունքների համար պայքարող ակտիվիստների և իշխանությունների գործողությունները քննադատողներին ահաբեկելու հարցում: Այն իրականացվում է վերջիններիս նկատմամբ շինծու մեղադրանքներ հարուցելու կամ ծեծի ենթարկելու միջոցով, ինչպես որ տեղի ունեցավ օգոստոսի 21-ին լրագրող Նասիբովի հետ: Իլհամ Ալիևը չարաչար սխալվում է` կարծելով, թե աշխարհի ուշադրությունը կենտրոնացված է այլ թեժ կետերի վրա, ուստի իրենք կկարողանան առանց հետևանքների քննադատների հետ վարվել այնպես, ինչպես հարմար կգտնեն: Նա և իր կառավարությունը պետք է պատասխանատվություն կրեն այն վտանգավոր և թշնամական միջավայրի համար, որ ստեղծել են»,- նշել է կազմակերպության տնօրեն Դեյվիդ Ջ. Կրամերը:
Վերջինս միաժամանակ կոչ է արել ԱՄՆ-ին և ԵՄ-ին պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի այն պաշտոնյաների դեմ, ովքեր ձեռնարկում և իրականացնում են նման սարսափելի բռնություններ:
Լրագրողի վրա հարձակման դեպքի առնչությամբ ավելի վաղ իր մտահոգությունն էր հայտնել նաև ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը` ադրբեջանական իշխանություններից պահանջելով իրականացնել դեպքի անկախ և ամբողջական քննություն, ինչպես նաև վերջ տալ մարդու իրավունքների և մամուլի ազատության կոպտագույն խախտումներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան