Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը 24 տարեկան է
24 տարի առաջ հենց այս օրը դրվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը. Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին»։ Հռչակագրի ընդունումից անմիջապես հետո` օգոստոսի 24-ին, հիմնվելով «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի վրա, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող տասներկուերորդ գումարման Գերագույն խորհուրդը համարել Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ:
Հռչակագրում նշված է. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»:
ՀՀ Անկախության մասին հռչակագիրը բաղկացած է 12 կետից:
«Բովանդակային առումով Անկախության հռչակագիրը հայ սահմանադրական մշակույթի պատմության մեջ որակապես նոր էջ բացեց։ Այն հիմնարար, հետևողականորեն համակարգված, պատմատրամաբանական խոր ընդհանրացումներ բովանդակող, ազգային ինքնության առաջնահերթությունները հաշվի առնող, միջազգային սահմանադրաիրավական զարգացումների ընդհանուր տրամաբանությունից ելնող նորմերի ու սկզբունքների համակարգային ամբողջականություն է, որը երբեք չի կորցնի իր թե պատմական և թե իրավական արժեբանական նշանակությունը»,- այսպես է գնահատել է Անկախության հռչակագիրը Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։
Ելնելով Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից՝ խորհրդարանը 1991թ. սեպտեմբերի 21-ին որոշեց Հայաստանի տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն: