Պարգև սրբազան. Մեր խաղաղապահ ուժերը, մեր երաշխավորը մեր բանակն է (Տեսանյութ)
Արցախի համար միակ երաշխիքը Պաշտպանության բանակն է, որը քսան տարի է պահպանում է երկրի անվտանգությունը: Ստեփանակերտում՝ Մայր Աթոռի կազմակերպած Արցախ ուխտագնացության շրջանակներում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
«Վերջերս հաճախակի են խոսում Մադրիդյան սկզբունքների մասին: Ինձ որ ասում էին՝ ի՞նչ կարծիք ունեք, ես ասում էի` բացասական կարծիք ունեմ այդ սկզբունքների վերաբերյալ և այդ կարծիքին էլ միշտ մնալու եմ: Խոսում են, թե Արցախը պետք է որոշ շրջաններ զիջի, հանրաքվե պետք է լինի, մեզ նեղ միջանցք պետք է տան և այլն, բայց անվտանգության երաշխիք գոյություն չունի: Նեղ միջանցք են տալիս. ո՞վ պետք է պահի այդ միջանցքը, միջազգային ուժերը՞, լավ ենթադրենք, բայց մենք կյանքի փորձից տեսանք Հարավային Օսիայում խաղաղապահ ուժեր էին, Վրաստանը եկավ խփեց գնաց: ԱՄՆ-ն մտավ Իրաք, դուրս եկավ, ասաց՝ ամեն ինչ խաղաղ է, բայց այսօր տեսնում ենք կոտորած: Ցեղասպանություն է կատարվում Հյուսիսային Իրաքում, իսկ ո՞վ ասաց, որ մեր պարագայում այդ անվտանգության երաշխիքը հարյուր տոկոսով իրականացվելու է: Ես ինքս այդպիսի երաշխիքների չեմ հավատում»,- ասաց նա:
Սրբազանը նաև նկատեց, որ Արցախի ճշմարիտ խաղաղապահը Պաշտպանության բանակն է. «Նրանք չեն ապահովելու մեր խաղաղությունը, երբ որ Ադրբեջանը հարձակվի, այդ խաղաղապահ ուժերը փախնելու են, մենք կյանքի փորձից գիտենք»:
Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք այսօրվա զինվորին, ով սահմանին է կանգնած, ինչպես կատարեց նա իր պարտքը վերջին շրջանում, Պարգև սրբազանը պատասխանեց, որ այսօրվա երիտասարդները իր սպասածից ավելին են:
«Փայլուն սերունդ ունենք և դա բնական է, ամեն մի սերունդ պիտի գերազանցի ավագ սերունդին, եթե մենք կամենում ենք առաջընթաց արձանագրել: Այնպիսի զինվորներ, որոնք այս վերջին երեք շաբաթվա ընթացքում հարյուր տոկոսով դա ապացուցեցին, և դրա մասին վկայում են մեր գնդապետները, արցախյան հերոսամարտի մասնակիցները»,- ավելացրեց Արցախի թեմի առաջնորդը:
Մանրամասն՝ Panorama.am-ի տեսանյութում:
Արցախ այցը կազմակերպված էր Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և World Vision կազմակերպության աջակցությամբ:
Կարդացեք նաև՝
Մինչև 2015-ը Արցախը ենթակառուցվածքային շատ ավելի զարգացած համակարգ կունենա. ԼՂՀ ԱԺ նախագահ (Տեսանյութ)
Մենք մարդ հոշոտող չենք դաստիարակում, այլ հայրենիքի պաշտպան. ԼՂՀ ՊՆ (Տեսանյութ)
Մովսես Հակոբյան. Արցախում պատերազմի վերսկսումը հայկական կողմին բերելու է նոր հաղթանակ (տեսանյութ)
«Հայաստանի և Արցախի միջև անցակետը գործելու է այնպես, ինչպես հիմա, ոչինչ չի փոխվելու»
Մովսես Հակոբյան. Ոչ միայն Ադրբեջանն, այլև` աշխարհի որևէ երկիր մեզ հաղթել չի կարող