Թ. Մանասերյան. Հետևողական աշխատանքի արդյունքում կարելի է ակնկալել առնվազն 10-15 տոկոս ստվերի կրճատում
«100 օրը այն ժամկետը չէ, որ որևէ մեկը կարողանա ստվերը կրճատել: Բայց եթե ձեռնարկված քայլերը շարունակական լինեն, ոչ միայն վարչապետի, այլ ամբողջ կաբինետի ամենօրյա աշխատանքը լինի, որը ես նկատում եմ, դրա արդյունքներն անպայման կերևան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նոր կառավարությանը հաջողվել է 100 օրվա ընթացքում ստվերի կրճատման հարցում որևէ առջընթաց գրանցել:
Նրա կարծիքով, իրատեսական չէ 100 օրում ակնկալել ստվերի լուրջ կրճատում, բայց նշեց, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքների առաջին նշանները երևում են:
«Ծանոթանալ յուրաքանչյուր ոլորտին, կարևոր ձեռնարկություններին, համալիր մոտեցում ցույց տալ, նաև ոչ կաբինետային աշխատաոճ ընտրելը դրական է: Կարևորում եմ շփումները մասնագետների հետ, որպեսզի հարստացվի այն զինանոցը, որով կառավարությունը պետք է աշխատի»,- ասաց տնտեսագետը:
Թ. Մանասերյանի կարծիքով, եթե տարվող աշխատանքը լինի հետևողական, այս տարվա ընթացքում կարելի է ակնկալել առնվազն 10-15 տոկոս ստվերի կրճատում:
Միաժամանակ նա նշեց, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը, որը նաև ստվերի կրճատման ցուցանիշն է, շատ զգայուն ցուցանիշ է. «Եթե հարկեր- ՀՆԱ-ն հասցվի 30 տոկոսի, հայտնի չէ հաջորդ տարի բիզնես կլինի Հայաստանում, թե ոչ: Այդպիսի խստությամբ պետք չէ մոտենալ, այլ աստիճանական, որոնել ու գտնել այն կետը, որը ծանր չի անդրադառնա տնտեսության վրա»: