Համապատասխան տեխնիկա ու միջոցներ չկան. պատկան մարմինների պատասխանը տան փլուզման խնդրի առաջ կանգնած բնակիչներին (լուսանկարներ)
Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի Հակոբյանների ընտանիքին անհանգստացնող խնդիրը շարունակում է մնալ չլուծված: Նրանց տունը շատ մոտ է գտնվում ժայռին, որից բացված բեկորներն ու հասկայական քարը, ինչպես իրենք են նշում, ամեն վայրկյան կարող են նրանց տան փլուզման պատճառ դառնալ:
«Տունը շատ մոտ է ժայռին, բազմիցս դիմել եմ թե մարզպետարան, թե կառավարություն, դեռ նախկին վարչապետի օրոք, ոչ մի օգնություն: Իսկ մարզպետարանի առաջարկած ցեմենտով ոչինչ չես կարող անել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց տան բնակիչներից Դավիթն՝ ավելացնելով, որ միայն մնում է փլվի, որ հասկանան, թե ինչքան մեծ էր վտանգի լրջությունը:
Ծովակի համայնաքապետ Գարիկ Հակոբյանն էլ զրույցում հաստատեց իրավիճակի լրջությունը, սակայն նշեց, որ խնդրի լուծումը մեծ գումարի և տեխնիկայի հետ է կապված, որը համայնքը հոգալ չի կարող. «Բացված քարը հեռացնելը բարդ է և լուրջ ծախսերի հետ է կապված, ինչը համայնքապետարանի ուժերից վեր է: Համայնքը կարող է օգնել միայն ցեմենտով՝ քարը որոշ ժամանակով ամրացնելու համար, բայց դա լուծման օպտիմալ տարբերակ չէ»:
Համայնքապետը նշեց, որ այս պահին վտանգը սպառնում է միայն այդ տանը, որը շատ մոտ է գտնվում ժայռին, սակայն հետագայում պարզ չէ՝ ինչ կլինի:
Խնդրին արդեն քաջածանոթ Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դերենիկ Հովհաննիսյանն էլ Panorama.am-ի հարցին, թե ինչու մարզպետարանը այդպես էլ Հակոբյաններին անհանգստացնող խնդրին լուծում չի տալիս, այսպես պատասխանեց. «Այնտեղ տասնյակ քարաբեկորներ են բացված: Մենք զրուցել ենք տան բնակիչների հետ և առաջարկել՝ ճաքը չմեծանալու և քարը չտեղաշարժվելու համար ցեմենտավազաշաղախով ծեփել այն: Նրանք ուզում են, որ որ քարը հեռացվի, բայց այն ունի մոտ 50 տոննա կշիռ, նման տեխնիկա մենք չունենք, ԱԻՆ-ը չունի»:
Հովհաննիսյանը չժխտեց, որ վտանգ կա, բայց ավելացրեց, որ դրա համար պետությունը պետք է միջոցներ տա. «Դիմել ենք ԱԻՆ, տարածքային կառավարման նախարարություն, քաղշիննախարարություն: Վերջնական լուծում տալու համար հարկավոր է պետական աջակցություն և գումար: Մեզ պատասխանել են, որ առայժմ հնարավորություն չկա, ծրագիր է մշակվում»:
Վերջում էլ ավելացրեց, որ իրենք ամեն տարի մոնիթորիգ են անում և ստուգում ենք քարի տեղաշարժը՝ խոսքն ավարտելով հուսադրող նոտայով. «Մոտ 50 տարի դեռ այն տան փլուզման պատճառ չի դառնա»:
Նախորդող հրապարակում՝
«Մենակ Վարդենիսի 911-ից են գալիս, հույս տալիս, գնում»