«Բաշնեֆթ»-ի նախկին ղեկավար Ուրալ Ռահիմովին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել
«Բաշնեֆթ»-ի գործով հետաքննության արդյունքում որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավել նաև ընկերության նախկին ղեկավար Ուրալ Ռահիմովին: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը` վկայակոչելով «Բաշնեֆթ»-ի նախկին ղեկավարի փաստաբան Իլնուր Սալիմյանովին:
«Որոշումը միայն կայացվել է, սակայն այն չի առաջադրվել: Օրենքի համաձայն` այն պետք է առաջադրվի երեք օրվա ընթացքում, բայց այդ մասին ծանուցում չի ստացել ոչ Ռահիմովը և ոչ էլ ես: Մինչ այժմ Հետաքննչական կոմիտե ներկայանալու պաշտոնական հրավեր չի ներկայացվել», - ընդգծել է փաստաբանը:
«Հետախուզման մասին որոշում նույնպես չի կայացվել», - հավելել է Սալիմյանովը:
Ավելի վաղ դատական գործընթացին մասնակցող վկայի` Բաշկորստանի նախկին նախագահ Մուրտազի Ռահիմովի փաստաբան Սերգեյ Մակարենկոն պարզաբանել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացը բաղկացած է 3 փուլից:
«Առաջին` ֆորմալ փուլը որոշման կայացումն է, երկրորդը` մեղադրանքի առաջադրումը, այսինքն` երբ անձը ծանոթանում է այդ որոշմանը, և երրորդը` մեղադրյալի պարտադիր հարցաքննությունը` ըստ նրան առաջադրված մեղադրանքի էության: Ուրալ Ռահիմովի գործով միայն առաջին փուլն է», - տեղեկացրել է Ս. Մակարենկոն:
Նշենք, որ «Բաշնեֆթ»-ի գործով մեղադրանք էր առաջադրվել նաև հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին: Վերջինիս հուլիսի 24-ին ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: Ըստ նախաքննության, հանցագործությունը, որի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել և որի շրջանակներում կասկածվում է նաև Հայրապետյանը, իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի մասին գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել:
Ավելի ուշ Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել էր հայազգի գործարարի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը և որոշել, որ նա պետք է մնա կալանքի տակ մինչև սեպտեմբերի 15-ը: Դատարանը կալանքի մասին որոշումը հիմնավորել էր նրանով, որ ազատության մեջ Հայրապետյանը կարող է օգտագործել իր կապերը ու թաքնվել նախաքննությունից: Բացի այդ, նշված քրեական գործի շրջանակներում դատարանը կալանքի տակ է դրել «Բաշնեֆթի» ակցիաների վրա, որոնց արժեքը անցնում է 300 մլն ռուբլին:
Ուրալ Ռահիմովը նույնպես մեղադրվում է «Բաշնեֆթ» ընկերության մասնավորեցման գործընթացի ժամանակ անօրինական ճանապարհով նշանակալի դրամական միջոցների լվացման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները