ԿԳՆ. Ավագ դպրոցների կրթական ծառայության որակն այս պահին չի բավարարում
Հանրապետությունում ավագ դպրոցների մատուցած կրթական ծառայության որակն այս պահին չի բավարարում հանրային ակնակալիքը: Այս մասին ավագ դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը հայտարարել էի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ միևնույն ժամանակ նկատելով, որ կան նաև լավ աշխատող, կայացած ավագ դպրոցներ: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:
Նախարարի կարծիքով, կրթական բարեփոխումների այն ճանապարհը, որն ընտրվել է, ճիշտ է և 12-ամյա կրթության համակարգն ու ավագ դպրոցի գոյությունը հետադարձ չունի:
«Մեր համակարգին անհրաժետ է ավագ դպրոցի գոյությունը, այլ հարց, որ կայացման ընթացքը չի բավարարում»,- ասել է նա:
Անդրադառնալով գալիք տարվա անելիքներին՝ նախարարը ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերից առանձնացրել է հատկապես ավագ դպրոցում աշակերտների հաճախելիության խնդիրը՝ ընդգծելով, որ կարգապահության վերահսկողությունը առաջնային է լինելու:
«Գաղտնիք չէ, որ ծնողների մի ստվար զանգված, հատկապես մայրաքաղաքում շահագրգիռ է, որ երեխան վերջին տարվա ընթացքում չգնա դպրոց, այլ հաճախի կրկնուսույցի մոտ: Այսօր կրկնուսույցի մոտ պարապելը բուհ ընդունվելու պարտադիր պահանջ չէ այլևս. շտեմարանների ներմուծումը թույլ տվեց կանխատեսելի դարձնել ընդունելության գործընթացը և կրկնուսույցների մոտ պարտադիր պարապելու լեգենդը վերանում է»,- նշել է նախարարը:
Արմեն Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ քոլեջներից դեպի բուհ անցման կարգում կատարվել է օրենսդրական փոփոխություն. քոլեջից բուհ տեղափոխվելը առկա համակարգում վերացվել է՝ քոլեջների շրջանավարտները կրթությունը կարող են շարունակել միայն բուհերի հեռակա բաժիններում:
Ա. Աշոտյանը նշել է, որ Համաշխարհային բանկի նոր վարկային ծրագրով նախատեսվում է ավագ դպրոցների նորոգում և գույքային համալրում: Հանրապետությունում կձևավորվեն նաև կապիտալ նորոգված և արդիական դպրոցի բոլոր պահանջներին համապատասխան 17 ավագ դպրոցներ՝ յուրաքանչյուր մարզում մեկական և ևս մի քանիսը Երևանում:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ ՀՀ ԿԳՆ-ն ՊՆ-ի ու «Երկրապահ կամավորականների միության հետ համատեղ մշակում է ռազմահայրենսաիրական դաստիարակության նոր հայեցակարգ, որը նպատակ ունի բարձրացնել ռազմահայրենեսիրական կրթության դերը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա