Արցախի ՊԲ զորամասերից մեկում. եկեղեցին ու բանակը՝ ուս ուսի (Տեսանյութ)
Արցախի պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ձիգ շարքով անցնում է զինվորների երթը: Բանակ նոր զորակոչված տղաները զինվորական կարգապահությամբ ու փայլող աչքերով ի ցույց են դնում դեռ նոր յուրացրածը. զինվորական կոշիկները համաչափ բարձրանում և իջնում են, նույնքան համաչափ էլ լսվում են նրանց քայլերը:
Զորամասում սովորական օր չէ, ուխտավորների այցն է շեղել ամենօրյա ընթացքը: Դեռ երկու ամիս ծառայած տղաներն էլ, զինվորական ողջույն տալուց և իրենց ուղղված օրհնությունը լսելուց հետո, սպասում են ուխտավորների բերած Նոր Կտակարաններին: Վերցնում, համբուրում ու խնամքով պահում ձեռքում:
Մայր Աթոռի՝ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ կազմակերպված ուխտագնացությունն առաջնորդած Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նախ շնորհակալություն է հայտնում տղաներին երկրի սահմաններն ու խաղաղությունը պինդ պահելու համար:
Մայր Աթոռի Հայեցակարգային գրասենյակի ղեկավարը զորամասի հրամանատարին ամենակարևոր մաղթանքն է ուղղում. «Անվանականչի ժամանակ, զինվորի անունը տալիս, Ձեր գլխարկները հանելու, խոնարհվելու կամ նրանց ճակատը վերջին անգամ համբուրելու առիթ երբեք չունենաք: Անուն հնչեցնելիս, զինվորի կուրծքը շքանշաններով զարդարելու և նրան դեպի զինվորական ծառայության ավելի մեծ աստիճանի վրա դնելու հպարտության զգացումն ապրեք»:
Զորամասի հրամանատար, գնդապետ Հարություն Ամիրխանյանն էլ վստահեցնում է, որ այսօր հայ զինվորը ոչնչի կարիք չունի, պարզապես խնդրում է, որ մարդիկ աղոթեն զինվորի առողջության ու հաջողության համար, ապա վստահեցնում է, որ նա պաշտպանված է թե հրամանատարների ամուր ձեռքերում, թե ինժեներատեխնիկական կառույցների շնորհիվ:
Այն, որ զենքի ուժին զուգահեռ աղոթքին էլ են հավատում, փաստում է զորամասում կառուցվող մատուռը: Զորամասում ամեն մեկը՝ հրամանատարից մինչև շարքային զինվոր, իր քարն է դնելու մատուռի վրա:
Դիվիզիոնի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ կապիտան Խաչատրյանն անձամբ է հետևում մատուռի կառուցմանը. «Դա մեր երիտասարդ սերնդին սովորեցնելու է ճիշտ ու մաքուր ապրել: Կառուցվելու է բոլոր զինծառայողների միջոցով: Դա էլ դաստիարակության մի տարբերակ է, որ մարդկանց հիշեցնենք՝ մենք հայ ազգ ենք ու միմյանց վրա ձեռք չենք կարող բարձրացնել»:
Կապիտան Խաչատրյանը հույս է հայտնում, որ մատուռի կառուցումից հետո կսկեն նաև մկրտել զինվորներին:
Իր համազգեստը հիշեցնող կազմով Նոր Կտակարանը Տարոն Եղինյանը պինդ սեղմել է կրծքին ու մեր զրույցի ողջ ընթացքում ժպիտով նայում է. «Բոլորին խորհուրդ եմ տալիս ծառայել: Կոփում է մարդուն, իսկական հայ տղամարդ ես դառնում»:
Շարքային Հարությունյանի երկու ամիսը դեռ չի լրացել, բայց ասում է, որ լավ է անցնում, ապա հավելում, որ շատ բան է տալիս բանակը մարդուն, իսկ դժվարություննները պետք է հաղթահարել տղամարդու նման:
Հիմնական դժվարությունն էլ զորամասի հրամանատար, գնդապետ Ամիրխանյանի խոսքով, ադապտացիան է. «Նորակոչիկների հետ առաջինն աշխատում ենք հարմարվելու ուղղությամբ: Տարբեր ընտանիքներից, տարբեր դաստիարակությամբ մարդիկ հավաքվում են մի տեղում, ու շեշտը հենց հարմարվելու վրա է դրված առաջին հերթին: Ամեն բան իր հունով գնում է, արտակարգ դեպքեր չունենք` ոչ սնունդի առումով, ոչ էլ անձնակազմին հարմարվելու»:
Մանրամասն՝ Panorama.am-ի ռեպորտաժում:
Արցախ այցը կազմակերպված էր Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և World Vision կազմակերպության աջակցությամբ:
Կարդացեք նաև՝
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. Հայ զինվորի սրտում և բազկում եղած հոգևոր ջրտուքը որևէ ուժի առջև չի ծնկի
Հրամանատար. Սահմանը պաշտպանված չլիներ, հակառակորդը կկարողանար քաղել սադրանքների պտուղները (Տեսանյութ)
Ուխտագնացություն Արցախ. Սուրբ Պատարագ և Մկրտություն (Լուսանկարներ)
Պարգև սրբազան. Մեր խաղաղապահ ուժերը, մեր երաշխավորը մեր բանակն է (Տեսանյութ)
Մինչև 2015-ը Արցախը ենթակառուցվածքային շատ ավելի զարգացած համակարգ կունենա. ԼՂՀ ԱԺ նախագահ (Տեսանյութ)
Մենք մարդ հոշոտող չենք դաստիարակում, այլ հայրենիքի պաշտպան. ԼՂՀ ՊՆ (Տեսանյութ)
Մովսես Հակոբյան. Արցախում պատերազմի վերսկսումը հայկական կողմին բերելու է նոր հաղթանակ (տեսանյութ)
«Հայաստանի և Արցախի միջև անցակետը գործելու է այնպես, ինչպես հիմա, ոչինչ չի փոխվելու»
Մովսես Հակոբյան. Ոչ միայն Ադրբեջանն, այլև` աշխարհի որևէ երկիր մեզ հաղթել չի կարող