Օպերային թատրոնի նոր թատերաշրջանի առաջին օպերան նվիրվում է Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին (տեսանյութ)
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 15-ին կներկայացվի նոր թատերաշրջանի առաջին «Անուշ» օպերան, որը նվիրվում է աշխարհահռչակ օպերային երգչուհի Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին օպերային թատրոնի լրատվության բաժնից:
ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների դափնեկիր XX դարի խոշորագույն երգչուհիներից է (քնարակոլորատուրային սոպրանո) Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թ. դեկտեմբերի 14, Կահիրեում: Ուսանել է տեղի երաժշտական ակադեմիայում, սովորել է Է. Ֆելդմանի և Վ. Կարրոյի մոտ։ 1940-ից ելույթներ է ունեցել Կահիրեում։ 1948 թվականին հայրենադարձվել է։ 1949 թվականից Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում, նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։ 1964-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1973-ից՝ Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Նրա բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ։ Նրա աշակերտն է եղել նաև ապագա ամուսինը՝ օպերային երգիչ, ռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանը։ Մահացել է 2007 թ.մայիսի 16-ին։
Գասպարյանի երգեցողությունը հեղաշրջում էր վոկալ արվեստում: Նրա երգարվեստին հատուկ են ստեղծագործության գեղարվեստական բովանդակության խոր դրսևորումն ու համոզիչ իմաստավորումը: Ավետիք Իսահակյանը Գոհար Գասպարյանին անվանել է «Հայաստանի սոխակ»:
«Նման տիտաններ, ինչպիսին Գոհար Գասպարյանն է, ծնվում են հարյուր տարին մեկ։ Համաշխարհային դասականների ամենաբարդ գործերը, որոնք, թվում է, թե անհնար է կատարել, գասպարյանական մեկնաբանությամբ նոր կյանք են ստանում։ Գոհարը վոկալային աստղ է»,- ասել է մեծանուն երգչուհի Զարուհի Դոլուխանյանը: