«Ինչ օպերատիվ տվյալներ են ունեցել, ինչ դեղեր են ման եկել...». Յուրի Վարդանյանի որդու գործով փաստաբան
Նախաքննությունը կատարվել է թերի, ոչ ամբողջական, ոչ բազմակողմանի և ոչ օբյեկտիվ: Panorama.am-ի հետ զրույցում այսպես գնահատեց նախաքննության ընթացքը Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի գործով փաստաբան Վահան Հայրապետյանը:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության Դավիթ Վարդանյանը 04.10.2013 թ ժամը 19:20-ից մինչև 12.10.2013 թ ժամը 01:31-ն ընկած ժամանակահատվածում Իրանում գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի`ընդհանուր 106 գրամ կշռով «հաշիշ» տեսակի թմրամիջոց, որից 7.0 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99.0 գրամը պահել է ձեռքի պայուսակում և 12.10.2013 թ ժամը 01:31-ի դրությամբ մաքսանենք ճանապարհով` մաքսային հսկաղությունից թաքցնելով ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է Հայաստան:
Նախօրեին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ) կայացել է այս գործով դատական հերթական նիստ: Դատախազը միջնորդել է ամբաստանյալին դատապարտել 4 տարի 5 ամիս ազատազրկման: Դատավճիռը հրապարակվելու է սեպտեմբերի 4-ին:
«Դատարանը բավականին խիստ մոտեցավ: Այդպես չէր կարելի: Նախաքննության ընթացքում էլ, դատարանում ենք ասել ենք, որ Դավիթ Վարդանյանը մաքսանենգության հետ գործ չի ունեցել: Նա ձեռք է բերել թմրանյութն Ագարակում իր օգտագործման համար: Իսկ թե ինչ օպերատիվ տվյալներ են ունեցել, ինչ դեղեր են ման եկել, թող դա ման գան: Այդ մասով մեղքը չենք ընդունում: Մյուս մասով ընդունում ենք, նախաքննության, դատաքննության ժամանակ ցուցմունք է տվել, որ «հաշիշ» տեսակի թմրամիջոց ձեռք է բերել իր օգտագործման համար»,- ասաց Վ. Հայրապետյանը:
Նա նշեց, որ խնդրել են դատարանին օբյեկտիվ, արդարացի վճիռ կայացնել. «Մենք խնդրեցինք օբյեկտիվ, անաչառ մոտենա դատարանը: Ճիշտ է, չեմ էլ կասկածում դատարանին, որ արդարացի դատավճիռ կկայացնի՝ պահպանելով բոլոր նորմերը»: