ՊՆ խոսնակ. Գումարը կփոխանցեմ Այգեպարի պատի շինարարությանը` դպրոցականների կյանքը փրկելու համար
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook սոցցանցի իր էջում անդրադարձել է «Սառցե դույլ» ակցիային ու նշել, որ վերջին օրերին դրան մասնակցելու մի քանի առաջարկ է ստացել:
«Առաջարկ եմ ստացել մասնակցել մի ակցիայի, որը չգիտես ինչու, կոչվում է մարտահրավեր: Ես այդ բառը հասկանում եմ միայն դասական, ասպետական իմաստով` մասնակցել սառցակալման կամ դրա փոխարեն գումար փոխանցել: Ես կգերադասեմ փոխանցել գումար, բայց ոչ թե այդ հիվանդության բուժման համար, որին գումարների փոխանցման պակաս չի լինի հաստատ` հաշվի առնելով համաշխարհային մեծությունների մասնակցությունը: Ես այդ գումարը կփոխանցեմ Տավուշի մարզի Այգեպար գյուղում կառուցվող պատի շինարարությանը` դպրոցականների կյանքը փրկելու համար: Եվ իմ կողմից էլ կոչ եմ անում, որ շատերը դա անեն: Նաեւ այդ մարզի շատ երեխաների համար համապատասխան գրենական պիտույքներ, հագուստ ու այլ տիպի օգնություն կազմակերպեն, որի կարիքը կա»,- գրել է նա:
Նշենք, որ ֆլեշմոբի նպատակն է մեծացնել իրազեկվածության մակարդակը կենտրոնական նյարդային համակարգի հիվանդության վերաբերյալ:
Ակցիային մասնակցող հայտնիները պետք է իրենց վրա մեկ դույլ սառը ջուր լցնեն և տեսագրությունը տեղադրեն համացանցում: Դրանից հետո նույնը պետք է առաջարկեն ընկերներին, եթե վերջիններս չանեն հանձնարարությունը 24 ժամում, պետք է 100 դոլար նվիրատվություն անեն հիմնադրամին: