Առողջապահության ազգային ինստիտուտը մնացել է առանց իր հիմնական գործառույթի. Արմեն Մուրադյան
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում հանդիպել է կառույցի ստորաբաժանումների ղեկավարների հետ, ովքեր նախարարին ներկայացրել են ինստիտուտում իրականացվող ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Այս մասին տեղեկացնում է ԱՆ լրատվական ծառայությունը:
«Ազգային ինստիտուտը` կորցնելով կրթական բաղադրիչը, կարծես, մնացել է առանց իր հիմնական գործառույթի։ Մինչդեռ այն կոչված էր լինելու վերլուծական կենտրոն` առողջապահության ոլորտի «ուղեղը»: Ինստիտուտի նոր գործառույթների մշակումը ներկա փուլում հանձնարարվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին»,-նշել է նախարարը` ավելացնելով, որ պետք է հաշվի առնել նախանշվող ծրագրերի ռիսկերը, հստակեցնել առաջնահերթությունները:
Արմեն Մուրադյանը կարևորել է նաև բժշկական հաստատությունների և մասնագետների որակավորման բնութագրերի մշակման գործընթացի անհրաժեշտությունը:
«Բոլոր ծրագրերի իրականացման հիմքում լինելու է ոչ թե հիվանդաբուժության, այլ բնակչությանն առողջ պահելու գաղափարը»,- ընդգծել է առողջապահության ոլորտի գլխավոր կազմակերպիչը` ավելացնելով, որ առողջ ապրելակերպի, առողջության պահպանման առաջնային օղակի, համակարգի այլ ոլորտների զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերը շարունակական են լինելու:
Նախարարն առաջարկել է գործարար միջավայրի հետ սերտ համագործակցության միջոցով ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ փնտրել, ինչը թույլ կտա բերալավել կառույցի շենքային պայմանները։ Առողջապահության ազգային ինստիտուտի համար դա օրակարգային խնդիր է:
Առաջիկայում ֆինանանսական միջոցների առկայության դեպքում ծրագրվում է վերանորոգել ինստիտուտի երկու` մեծ և փոքր դահլիճները, որոնք նախատեսված են գիտաժողովների, մամուլի ասուլիսների, այլ ձևաչափերով հանրային միջոցառումների իրականացման համար:
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բազարչյանը հավաստիացրել է, որ նախանշված բոլոր ծրագրերը համատեղ ուժերով կյանքի կկոչվեն` կմշակվի ինստիտուտի առաջիկա հինգ տարիների զարգացման հայեցակարգը:
Նրան հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ներկայացնել նաև կադրերի հաստիքացուցակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա