ՀՀԿ-ն հարսանիքի է պատրաստվում. այսօր ԳՄ նիստ չի լինելու «ՀԺ»
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդու և ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի թոռնուհու տեղի ունենալիք հարսանիքին երեկ հրավիրվեց նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Հրավիրատոմսը Բաղդասարյանին փոխանցելու համար երեկ ԱԺ եկավ մի երիտասարդ, ով անվտանգության աշխատակիցներից նախ պահանջեց անձամբ հանդիպել Բաղդասրյանի հետ, ապա ստանալով մերժում, ԱԺ նամակների բաժին հասցեագրեց Բաղդասրյանի հրավիրատոմսը:
Թերևս, կապված հարսանիքի հետ՝ այսօր տեղի չի ունենալու ՀՀԿ ԳՄ նիստը, որը սովորաբար տեղի է ունենում հինգշաբթի օրերին։ Այս մասին «Հայկական Ժամանակ»-ին ասել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը՝ հայտնելով, որ նիստը տեղի կունենա ուրբաթ օրը։ Թերթի թղթակիցը նրանից հետաքրքրվել է, թե արդյոք նիստի հետաձգման պատճառն այն է, որ ՀՀԿ վերնախավը զբաղված է լինելու հարսանիքով։ Նա պատասխանել է. «Այդ հարցերով ինձ մի դիմեք, մյուսներին դիմեք»։