Orange Հիմնադրամը մեկնարկում է նոր համայնքային զարգացման ծրագրեր Գեղարքունիքի մարզում
Orange Հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը Հայաստանի մարզերում: Տավուշում իրականացված նախագծերին հաջորդիվ՝ Հիմնադրամը մեկնարկում է մի շարք նոր նախաձեռնություններ այժմ արդեն Գեղարքունիքի մարզում: Հիմնադրամի ներկայացուցիչներն ուղևորվել են մարզ՝ ամփոփելու երեխաներին աջակցող «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագրի արդյունքները, ինչպես նաև պաշտոնապես բացելու Վարդենիս քաղաքի նոր Զարգացման և վերականգնողական ինտեգրված կենտրոնը և Ակունք գյուղի համակարգչային սրահը: Այս մասին հայտնում է Orange Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Ակնոցներ Հայաստանի համար» նախաձեռնության շրջանակներում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի և 32 համայնքների 6200 երեխաներ անցել են անվճար ակնային հետազոտություն: «Ֆրանսիայի հայկական բժշկական միություն - Փարիզ» ՀԿ-ի (ՖՀԲՄ) և Orange Հիմնադրամի աջակցությամբ իրականացվող այս ծրագիրը ուղղված է երեխաների մոտ տեսողության խնդիրների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը:
Ծրագրի շրջանակներում տեղի ակնաբույժների համար ՖՀԲՄ-ի մասնագետների կողմից կազմակերպվել և անցկացվել են ակնային հետազոտությունների վերաբերյալ հատուկ դասընթացներ: Ակնային հետազոտություններից հետո ՖՀԲՄ-ի մասնագետների կողմից իրականացվել է 407 հատուկ հետազոտություն և պատրաստվել ու տրամադրվել է 241 անհատականացված ակնոց:
«Orange Հիմնադրամը մեծապես կարևորում է երեխաների և հաշմանդամություն ունեցող մեծահասակների աջակցության խնդիրը: Արդեն չորրորդ տարին անընդմեջ մեր գործընկերների հետ համատեղ իրականացնում ենք շարժական հիվանդանոցի ակնաբուժության ծրագիրը, որի շրջանակներում 9 մարզերի ավելի քան 55’000 բնակիչ ստացել է անվճար ակնային հետազոտության և բուժման ծառայություններ: Այսօր մենք ուրախ ենք աջակցել ՖՀԲՄ-ի կողմից իրականացվող «Ակնոցներ Հայաստանի համար» նախաձեռնությանը, քանի որ հավատացած ենք, որ վաղ շրջանում տեսողության խնդիրների հայտնաբերումն ու բուժումը թույլ կտա կանխարգելել դրանց հետագա զարգացումը և կնպաստի այդպիսի խնդիրներ ունեցող երեխաների կյանքի որակի բարելավմանն ու նրանց հետագա հաջողությանը», - ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
««Ֆրանսիայի հայկական բժշկական միություն - Փարիզ» ՀԿ-ի կողմից «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագիրն իրականացվում է 2004թ.-ից ի վեր: Այս տարի ծրագիրն իրականացնում ենք Orange Հիմնադրամի հետ համատեղ ջանքերով Գեղարքունիքի մարզի Վադենիս քաղաքում և 32 համայնքներում: Երեխաների շրջանում ակնային հետազոտություններ իրականացնելուց և մեր մասնագետների կողմից տեղում պատրաստվող անհատականացված ակնոցներ տրամադրելուց զատ` մենք նաև անցկացրել ենք հատուկ դասընթացներ տեղի բուժանձնակազմի համար, որը թույլ կտա վերջիններիս մարզի բնակիչների համար իրականացնել պարբերական ստուգումներ և ակնային հետազոտություններ», - ասել է «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագրի ղեկավար, բժիշկ Լեոն Արթինյանը:
Orange Հիմնադրամի ներկայացուցիչների Վարդենիս կատարած այցի շրջանակներում կայացել է նաև հատուկ մարզասարքերով, ուսումնական պարագաներով, խաղերով, ինչպես նաև համակարգիչներով և Orange-ի ինտերնետով հագեցած Զարգացման և վերականգնողական ինտեգրված կենտրոնի պաշտոնական բացումը: Կենտրոնը տեղի բնակիչներին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող շուրջ 180 երեխաների և երիտասարդների, հնարավորություն կընձեռի համապատասխան մասնագետների օգնությամբ անցկացնել անհատական պարապմունքներ, բարելավել իրենց առողջական վիճակը, աջակցել կրթական գործընթացին ինչպես նաև ստանալ մասնագիտական կրթություն, սովորել արհեստներ: Կենտրոնը բացվել է «Աստղավարդ» Հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում:
«Այս ծրագիրն իրականացվել է Orange Հիմնադրամի մեկնարկած հատուկ նախաձեռնության շրջանակներում, որն օգնում է մեր աշխատակիցներին իրականացնել բարեգործական ծրագրեր: Այս անգամ ծրագրի իրականացման համար դրամաշնորհը ստացել է Ազգանուշ Դավթյանը: Սա արդեն թվով յոթերորդ ծրագիրն է, որը Հիմնադրամը ֆինանսավորվում է Orange-ի աշխատակիցների կողմից առաջարկվող ծրագրերի հիման վրա: Կարծում ենք, որ Զարգացման և վերականգնողական կենտրոնը կստեղծի անհրաժեշտ միջավայր և պայմաններ հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների՝ հասարակություն ինտեգրման համար»,-նշել է Օրանժ Արմենիա Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
«2000թ.-ից ի վեր մեր կազմակերպությունն իր աջակցությունն է ցուցաբերում հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին: Ուրախ ենք Orange Հիմնադրամի հետ համատեղ բացել նոր հնարավորություններով հագեցած այս Զարգացման և վերականգնողական կենտրոնը և կարծում ենք, որ այն նշանակալիորեն կբարելավի տեղի հաշմանդամ երեխաների և ընտանիքների կյանքը: Համայնքի անունից շնորհակալություն ենք հայտնում Orange Հիմնադրամին աջակցության և իր գործունեության համար, որով Հիմնադրամը նպատակ ունի ստեղծել նպաստավոր պայմաններ տարբեր խոցելի խմբերի ներկայացուցիչների՝ հասարակություն ինտեգրման համար», - ասել է «Աստղավարդ» Հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ-ի նախագահ Մելանյա Եփրեմյանը:
Նույն օրը Orange Հիմնադրամի ներկայացուցիչները այցելել են նաև Ակունք գյուղ: Այստեղ տեղի է ունեցել նոր համակարգչային սրահի բացման արարողությունը, որը ստեղծվել է «Շեն» բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում: Նորաբաց համակարգչային սրահը համալրված է Orange MyFi 3G երթուղիչով, որն ապահովում է մինչև 21.6 Մբ/վ ներբեռնման արագություն, համակարգիչներով, տպիչ սարքով և հարմարավետ կահույքով: Կենտրոնում կանցկացվեն համակարգչային հատուկ դասընթացներ, որոնք կխթանեն Ակունքի բնակիչների համակարգչային հմտությունները և առավել հասանելի կդարձնեն ինտերնետ ծառայությունները: Սա արդեն թվով 23-րդ համակարգչային սրահն է՝ բացված Հայաստանի տարբեր գյուղական համայնքներում: